Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանի շուրջ, առաջին հայացքից ներկայացվում է որպես հերթական սրացում Մերձավոր Արևելքում․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանի շուրջ, առաջին հայացքից ներկայացվում է որպես հերթական սրացում Մերձավոր Արևելքում, սակայն իրականում գործ ունենք որակապես այլ՝ շատ ավելի խորքային և համակարգային գործընթացի հետ։ Եթե ընդունում ենք, որ իրանական հարվածների շուրջ 85%-ը ուղղված է եղել ոչ թե Իսրայել-ի, այլ Պարսից ծոցի երկրների դեմ, ապա ամբողջ պատերազմի տրամաբանությունը գլխիվայր շրջվում է։
Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ Իրանը չի վարում դասական հակաիսրայելական պատերազմ։ Իսրայելը այստեղ ավելի շուտ հանդես է գալիս որպես առիթ՝ casus belli, մինչդեռ իրական թիրախը տարածաշրջանում ձևավորված ուժային համակարգն է։ Այդ համակարգի առանցքային տարրերն են Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահրեյն, Քուվեյթ, ԱՄԷ և Օման, որոնք հանդիսանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական, լոգիստիկ և էներգետիկ ներկայության հիմնական հենասյուները։
Հետևաբար, Իրանի կողմից իրականացվող զանգվածային հարվածները պետք է դիտարկել ոչ թե որպես «պատահական» կամ երկրորդական ուղղություն, այլ որպես հիմնական ռազմավարություն։ Թեհրանը, չունենալով հնարավորություն հարվածելու ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին, նպատակային կերպով խոցում է նրա «Մերձավորարևելյան որջը»՝ բազաները, հաղորդակցման հանգույցները, էներգետիկ ենթակառուցվածքները։ Սա դասական ռազմական մտածողության մեջ հայտնի մոտեցում է՝ ոչ թե հակառակորդի կենտրոնը ոչնչացում, այլ կտրվում է նրա նյարդային համակարգը։
Միևնույն ժամանակ, այս գործողությունները ստանում են նաև պատժիչ բնույթ։ Իրանը փաստացի պատերազմ է վարում այն արաբական ռեժիմների դեմ, որոնք տարբեր մակարդակներում ինտեգրված են ամերիկա-իսրայելական անվտանգային ճարտարապետությանը և, հատկապես, վերջին տարիներին գնացել են հարաբերությունների կարգավորման Իսրայելի հետ։ Այս իմաստով, պատերազմը դուրս է գալիս «Իրան–Իսրայել» դիխոտոմիայից և վերածվում է տարածաշրջանային վերաձևման գործընթացի։
Այստեղ է, որ «երրորդ աշխարհամարտ» ձևակերպումը ստանում է ոչ թե բառացի, այլ բովանդակային իմաստ։ Խոսքը դասական աշխարհամարտի մասին չէ՝ ճակատներով և դաշնակցային հստակ բլոկներով։ Խոսքը նոր տիպի՝ դիստրիբուցված պատերազմի մասին է, որտեղ բախումը տեղի է ունենում ոչ միայն պետությունների, այլ համակարգերի միջև։ Այս տրամաբանությունը մասամբ հիշեցնում է «Սառը պատերազմը», այն տարբերությամբ, որ ներկայումս հարվածները շատ ավելի ուղիղ ու ինտենսիվ են։
Ի դեպ՝ այս համատեքստում շատ դիպուկ է Աբբաս Արաղչիի այսօր ասված այն պնդումը, թե՝ «Իրանական քաղաքակրթությունն պաշպանվելու երեքհազարամյա պատմություն ունի»։ Համաձայնեք՝ շատ հյութեղ է ասված: Սրանով Իրանի գործողությունները ներկայացվում են ոչ թե որպես ագրեսիվ էքսպանսիա, այլ որպես պատմականորեն պայմանավորված ինքնապաշտպանություն։ Սակայն իրական գործընթացը ավելի խորն է․ սա տարածաշրջանային հեգեմոնիայի վերաձևման փորձ է, որտեղ Իրանը ձգտում է քանդել գոյություն ունեցող ուժային բալանսը և ձևավորել իրեն առավել նպաստավոր նոր համակարգ»։











































