«Վարկանիշի բեռը և «բաժանման» օպերացիան․ իշխանությունը պատրաստվում է»

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Անհրավեր հուշում ընդդիմությանը.
1.) Աննա Հակոբյանի բացասական վարկանիշը շատ ավելի բարձր էր, քան Նիկոլինը: Պարզ ասած, Աննային հայ ժողովուրդն ատում է ավելի շատ, քան Նիկոլին: Սոցհարցումներն իրենց հերթին, բայց անզեն աչքով էլ կարելի էր սա կռահել՝ շրջելով Հայաստանում կամ ուղղակի ճանաչելով մեր ժողովրդին:
Ընտրություններից առաջ, ահա, «բաժանում» բեմադրելով, փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից: Սա, անկասկած, «բաժանում» օպերացիայի գլխավոր նպատակն է: Առավել ևս, որ «բաժանումը» Նիկոլի հանդեպ ավելացնելու է ժողովրդի բնական խղճահարությունը՝ «խեղճ Նիկոլը լրիվ մենակ մնաց թալանչի բորենիների դեմ» հին ու էժան սյուժեով:
2.) Ընտրություններից առաջ «բաժանում» բեմադրելով, Նիկոլի իշխանության իրական տերերը Աննային այս կերպ դարձնում են նախընտրական լրահոսն ու քաղաքական օրակարգը թելադրող առանցքային նոր աղբյուրներից մեկը: Կօգտագործեն Աննային նախընտրական փուլում այնքան, որքան իրավիճակը կպահանջի: Նիկոլն ու Աննան, իշխանության իրական տերերի համար միշտ էլ եղել են կրկեսի դերասաններ, իսկ ժողովուրդը՝ սերիալ նայող անգիտակից աուդիտորիա: Հիմա, իրավիճակի թելադրանքով հիմնական «հերոս-դերասանների» դերերն են փոխում ու սյուժեի դրաման են սրում: Ընդամենը:
Ըստ այդմ, Աննայի ապագա որևէ «բացահայտում», «խոստովանություն», «ինքնահայեցում», «քննադատություն», ու դրանց Նիկոլի պարտադրված արձագանք, լրահոսում ինքնաբերաբար շատ ավելի մեծ լուսաբանում է ստանալու ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնելու, քան օրվա «ընդդիմության» ձանձրալի տեքստերն ու կրկնվող ռեպերտուարը:
Եթե ամեն բան այսպես մնա, Նիկոլն ընտրություններում, ցավոք, կարող է հաղթել օրվա ընդդիմությանը: Բայց միայն ու բացառապես վերջինիս տոտալ ձախողման ֆոնին: Ինչպես 2020 թ. այս կողմ է եղել: Բայց նմանատիպ էժան սերիալներով վերագտնել հայ ժողովրդի երբեմնի սերն ու աջակցությունն՝ այլևս երբեք նա չի կարող: Ժողովուրդներն առաջնորդներին՝ իշխանություն, թե ընդդիմություն, սիրում ու նրանցից հիասթափվում են միայն մեկ անգամ: Չկա աշխարհում մի ուժ, որ կարող է գետին ստիպել փոխել իր հունն ու հոսել գետաբերանից դեպի հուն: Նույնը առաջնորդների հանդեպ ժողովուրդների սերն ու ատելությունն է:
Մնում է, որ տիտղոսային ընդդիմությունը ևս հասկանա այս պարզագույն՝ այբբենական ճշմարտությունը:
Հ.Գ. Տարիներ առաջ դեռ տաքսու մի իմատուն վարորդ չմոռացվող միտք ասաց. «Նիկոլն ինձ գա ասի բարի լույս, ես առաջինը կստուգեմ՝ հո արդեն գիշեր չի՞»»:










































