Ում համար պարզ չէր, որ իրենք իրենց դրածոին կպաշտպանեն․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ մի պահ դիտեցի ԱԺ-ում տեղի ունեցող «քննարկումը» Հակոբ Հակոբյանին ի պաշտպանություն քպականների ելույթները։ Եղկելի էր, քանի որ դրանք իրականության մեջ ընդդեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության էին։ Վերջին տարիներին նման զզվանքի զգացողությունների պակաս չկա, բայց էս մեկը պարզապես զազրելի էր։ Որոշ քպականներ առիթը օգտագործեցին իրենց սերը առ թուրքական աշխարհ եւ առ թշնամի ցուցադրելու, որոշները, դեռ կաթը բերաններում չչորացած համարձակվեցին խոսել հայ ժողովրդի պատմության մեջ կարեւոր դերակատարություն ունեցած եւ ունեցող կուսակցությանը հազար ու մի պիտակ կպցնելով, ոչ մեկը չվարանեց գեթ մեկ պահ կանգ առնել, մտածել, հասկանալ, թե ինչ է խոսում երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից, ոչ մեկը քպականներից չփորձեց իր լեզվին ու մտքին, կներեք՝ «տոռմուզ» տալ։ Եւ՝ գի՞տեք ինչու, որովհետեւ իրենք գիտեն՝ իրենց նաեւ նույն թուրքական աշխարհն է նայում եւ հաստատ՝ ծափահարում։ Իսկ դա իրենք սիրում են։
Այն ժամանակ, երբ հայկական հարցը առաջ եկավ միակ ուժը, որ պայքարեց եւ պայքարեց հենց ՀՅԴ-ն էր, իսկ էս նորաթուխ իբր հայ եւ իբր «քաղաքական մտքի գիգանտները» երեկ առիթը օգտագործեցին 135 ամյա կուսակցությանը քարկոծելու համար։ Իհարկե, դաշնակցական պատգամավորները հավուր պատշաճի արձագանքեցին եւ հակադարձեցին։ Բայց՝ թող ներեն ինձ ընկերներս, ա՞րժեր դրանց բերանը եւս մեկ լեզու դնել, ո՞ւմ համար պարզ չէր, որ դրանք հենց այդպես, առիթը կօգտագործեն վայրահաչելու եւ ճամարտակելու։ Ում համար պարզ չէր, որ իրենք իրենց դրածոին կպաշտպանեն։
Ինչ վերաբերում է էդ անձին, ում ոմանք բանաստեղծ են համարում, որ եղել է էս երկրի մշակույթի նախարար, ով իր գրքերը մշտապես պետպատվերներով է հրատարակել , բոլոր ժամանակներում, եղել է բոլոր իշխանությունների «քիփը», եղել է երբեմն ինքս էլ բարեւել եմ, որոշ բանաստեղծություններ հավանել եմ,այ, իրեն ուզում եմ մեկ բան ասել՝ բոլոր գրածներդ գրոշ չարժեն, եթե էս ճակատագրական, հայ ժողովրդի համար էս օրհասական պահին, երկիրը թրքացման տանող էս իրականության մեջ չես տեսնում, չես հասկանում իրականությունը եւ կանգնած ես երկիրը հանձնողների կողքին։ Էսպես չի մնալու, սրանք գնալու են, էլ չի լինելու քպական Հայաստան, լինելու է հայի Հայաստան,չկասկածեք։ Ու էդ ժամանակ, քո գրքերը եւս սերունդները չեն կարդալու, գուցե եւ ոմանք կայրեն,որովհետեւ հիշելու են, թե ով էիր դու, որտեղ էիր դու, երբ հանձնվեց Արցախը, երբ երկրի տարածքներին թշնամու զորքերն են կանգնած, երբ Բաքվում հայ ռազմագերիներ կան, երբ տասնյակ մարդկանց, Սրբազանների փակի տակ են պահում այլակարծիք , այլախոհ լինելու համար։ Ոչ մի իրական բանաստեղծ կամ գրողը չի լինում հանձնողների կողքին, իրական մտավորականը միշտ այլախոհ մտավորականն է։ Չգիտեմ, դուք ինչ «բանաստեղծական փայլատակում» կունենաք, բայց որպես մարդ եւ որպես քաղաքացի դուք խամրած եք»։










































