«Խաղաղության» անվան տակ արդեն իսկ մատաղ է արվել Արցախը․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանի՝ ՊՆ-ում հնչեցրած այն թեզը, թե Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը բանակը չէ, այլ «TRIP»-ը, «խաղաղության խաչմերուկը», հնչում է մի իրականության ֆոնին, որտեղ այդ «խաղաղության» անվան տակ արդեն իսկ մատաղ է արվել Արցախը, իսկ հայկական բանակը տարիների ընթացքում հասցվել է «արյունաքամ» վիճակի։
Իսկ այս տրամաբանությունը իրականում շատ ավելի խորքային բացահայտում է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Կարծում եմ, սա չի կարող պարզապես ձևակերպման սայթաքում լիմել, սա պետության անվտանգության փիլիսոփայության վերաձևակերպում է, որտեղ բանակը դուրս է մղվում պետական ինստիտուտների առաջնային շարքերից և վերածվում «վերջին միջոցի», այն դեպքում, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ էսկալացիայի շեմին։ Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական հարվածի պարագայում Հարավային Կովկասը անխուսափելիորեն հայտնվելու է թեժ փուլում, որտեղ որևէ երկիր չի կարող իրեն դուրս համարել զարգացումներից, իսկ Հայաստանն առաջինը կզգա հետևանքները։
Անվտանգությունը, անշուշտ, բազմաշերտ համակարգ է՝ դիվանագիտություն, տնտեսություն, միջազգային հարաբերություններ, տեխնոլոգիաներ։ Սակայն այդ բոլոր շերտերը գործում են միայն մեկ նախապայմանով, եթե կա ուժ մարտունակ ու զարգացած բանակի տեսքով, որը կարող է պաշտպանել պետության ինքնիշխանությունը։ Առանց դրա մնացածը դառնում է պայմանական, իրավիճակային և փլուզվող, որ հիմնականում կախված է լինելու արտաքին խաղացողների կամքից։
Եվ հետո, երբ բանակը գաղափարապես տեղափոխվում է վերջին հարթություն, ապա նրա զարգացումն էլ է դառնում երրորդական չորրորդական հարց:
Դրանով է բացատրվում բանակի նկատմամբ ձևավորված վերաբերմունքը` իրական բարեփոխումների փոխարեն քարոզչական էֆեկտներ, համակարգային հզորացման փոխարեն` ցուցադրական քայլեր»։











































