Բարեվարքություն՝ անբարեվարքների համար. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարեվարքություն՝ անբարեվարքների համար
Օրերս /նոյեմբերի 29/ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հերթական համաժողովը: Տարիներ շարունակ որպես լրագրող առիթ եմ ունեցել լուսաբանել այս կառույցի տարբեր համաժողովներ, մամլո ասուլիսներ։Կարող եմ շեշտել, որ իր աշխատանքների շրջանակում այս կառույցը բոլոր ժամանակներում էլ ուշադիր հետեւել է պառլամենտականների, նաեւ՝ ԶԼՄ-ների բարեվարքությանը, էթիկայի կանոնների պահպանմանը եւ կիրթ աշխատանքին, կարեւորելով դա։ Մենք էլ ուշադիր ենք եղել, որ արժանի լինենք եվրոպական ընտանիքին եւ արժեհամակարգին։
Միամիտ, միամիտ ենք եղել, թերեւս։
Ըստ պաշտոնական տեղեկատվության «Երկօրյա քննարկումների առանցքում են եղել խորհրդարանական բարեվարքության չափորոշիչները, ԵԱՀԿ տարածաշրջանում խորհրդարանականների վարքագծի կանոնակարգը, ԵՄ Արեւելյան գործընկերության երկրները եւ ԵԱՀԿ տարածաշրջանային հեռանկարները»:
Հետեւելով աշխատանքների եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների, մասնավորապես այս կառույցի փոխնախագահի հարցազրույցներին եւ խոսքին, նկատեցի ընդգծված կողմնակալությունը։Պարոնայք եվրոպականներից ոչ մեկը իր խոսքում չանդրադարձավ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների անբարեվարք պահվածքին, այս տարիներին հայհոյանքը, ծեծուջարդը, քացով ընդդիմադիր պատգամավոր-պատգամավորուհիներին հարվածելուն, ամբիոնի մոտից նրանց բռնի ուժով հեռացնելու խայտառակ փաստերին։Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց 2024-ի հունիսի 12-ի դեպքերի մասին, խաղաղ ցուցարարների վրա նռնակներ եւ այլ պայթուցիկներ նետելու մասին, դրա հետեւանով վիրավորում ստացած պատգամավորների, պարզ քաղաքացիների, լրագրողների մասին։ Անշուշտ, անձամբ ինձ համար այս երկակի ստանդարտները հազարապատիկ ցավալին են,անընդունելի։
Ինքս եւ լրագրողական երկարատեւ աշխատանքի եւ պատգամավորական 7 տարիների ընթացքում գործել եմ ինձ համարելով եվրոպական արժեհամակարգի կրող, գնահատել եմ եւ դեմոկրատիան եւ մարդու իրավունքների հանդեպ սրտացավությունը։ Եւ այսօր, հազարապատիկ հիասթափված եմ, որ նույն այդ արժեքների շրջանակում հանդես եկող եվրոպական կառույցը լուռ ու համր է մեր երկրում իշխանության խայտառակ խուլիգանական պահվածքի եւ գործողությունների հանդեպ։ Լուռ ու համր է մեր երկրում առկա աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությանը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներին։
ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ/-ի փոխնախագահը մի կարճ հարցազրույցում եվրոպական բավարարվածությամբ ասաց, թե եղել է Սյունիքի գյուղերից մեկում եւ ուրախ է, որ մարդիկ սահմանամերձ այդ գյուղում շատ ավելի ապահով են,որովհետեւ, իբր՝ չեն կրակում։ Կուզեի ասել, երեխաներիդ վերցրու, արի մեկ շաբաթ ապրի էդ գյուղում, այ էդ ժամանակ կտեսնես իրականությունը։
Ի՞նչ ասեմ, հարգելի եվրոպացի նախկին գործընկերներ, ս՞ա է ձեր դեմոկրատիան, սա՞ է մարդու իրավունքների հանդեպ ձեր պատասխանատվությունը, էդ ինչ մութ ակնոց եք կրում վերջին ութ տարիներին, որ չեք նկատում աղաղակող անբարեվարքությունը, իշխանական խուլիգանությունը, ոստիկանապետություն դարձած երբեմնի իրական դեմոկրատ երկրի այս խեղաթյուրվածությունը։
Է՞ս էր ձեր բերած բարեվարքությունը Հայաստանի համար»։











































