Անվճար համակարգիչներ
Այսօր կառավարությունը հավանություն տվեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին: Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով:
Փորձնական փուլն իրականացվելու է Վայոց ձորի մարզում, չորս տարի տրվելու են համակարգիչներ, ապա ամփոփումից հետո աստիճանաբար ծրագրի մեջ կներառվեն մյուս մարզերն ու Երևանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ այս ծրագիրը պիտի լինի շատ թափանցիկ: «Արդեն հոդվածներ կան մամուլում, և ես հանձնարարել եմ զբաղվել այդ հարցով, սա պիտի լինի թափանցիկ»: