Ծառուկյանը պաշտպանելու է` Արգամիչն է ասել. Հրապարակ
“Հրապարակ”-ի աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ն, ինչպես եւ ՀՀԿ-ն, սկսել է գիշերային ռեժիմով աշխատել: Կոալիցիա չմտնելու որոշումը մեկ գիշերվա մեջ է կայացվել` հավաստում են դրանից մեկ օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպած, ապագա պորտֆելների մասին զրուցած ԲՀԿ-ականները:
Նույնատիպ է եղել նաեւ Ծառուկյանի` ԱԺ առաջին նիստին չմասնակցելու որոշումը. գիշերվա մինչեւ ուշ ժամ նա իր կուսակիցներին ասել է` անպայման մասնակցելու եմ այդ նիստին, սակայն առավոտյան չի եկել:
Ի դեպ, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հետ իրենց վերջին բանակցությունից հետո տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ծառուկյանն այդ բանակցության ընթացքում բանավոր խոստում է տվել, որ 2013-ի ընտրություններին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
“Իննսունինը տոկոսով պաշտպանելու է”,-տեղից հավելել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ ծերակույտը ընկղմվել է խորը մտքերի մեջ` մտորելով ԲՀԿ առաջնորդի գրավոր եւ բանավոր խոսքի տարբերությունների, կոալիցիոն հուշագրի, “վերջին դասի” եւ այլ նրբերանգների մասին: