ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել՝ ի տարբերություն ՀԱԿ-ի
Երեկ Ազգային ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովում կայացած քննարկմանը լրամշակվել է Կրթության և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, փաթեթը դեռ երեկ պիտի դրվեր քվեարկության, սակայն պատգամավորներն առաջարկեցին լրացուցիչ քննարկում կազմակերպել, ապա քվեարկել: Փոփոխությամբ առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր:
Այսօր էլ նախքան քվեարկությունը վարման կարգով խոսեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշեց, որ քննարկմանը, որին մասնակցում էր նաև ԿԳ նախարարը, իրենք իրենց հուզող հարցերի պատասխանները ստացել են: Սակայն մտահոգում է դեռևս այն, որ պարտադիր բառը չի հանվել, և այդ իսկ պատճառով էլ ՕԵԿ-ը քվեարկեց ձեռնպահ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որոշակի մտահոգություններ հանվել են: «Բայց ասել, որ խնդիրը լիովին կարգավորված է, այդպես չի, և քանի որ մինչև 2017 թվականը մենք ժամանակ ունենք նախագծի վրա աշխատելու, ԲՀԿ-ն ևս կքվեարկի ձեռնպահ»:
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը նշեց, որ թեև վստահ են, որ կառավարությունն այս գործը չի կարող իրականացնել, սակայն քանի որ փարատվել են իր մտահգությունները, և նախագիծը ուժի մեջ է մտնելու երկու տարի հետո, ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 85 կողմ, 27 ձեռնպահ և 0 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով, Հայաստանում տասներկուամյա կրթությունը, հանրակրթության կամ մասնագիտական կրթության ձևով, պարտադիր կլինի 2017 թվականի հունիսի մեկից: Այն կտարածվի ներկայիս ութերորդ դասարանցիներից սկսած Հայաստանի բոլոր դպրոցականների վրա: