Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն
Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով:
Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից:
Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով:
Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Նվագակցում էր երգեհոնահար Ռոբերտո Ռամիրեզը:
Հնչել է նաև եվրոպական հոգևոր երաժշտություն։
Միջոցառման սկզբում ներկաներին օրհնության խոսք է ասել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի և Իսպանիայի Հայ Բարեգործական Ընդհանուր միության մասնաճյուղերի ղեկավարներին, որոնց նվիրյալ աշխատանքի արդյունքում Սանգրադա Ֆամիլիա նշանավոր տաճարում կազմակերպվել է հայ հոգևոր երաժշտության հանրահռչակման համերգը, որպեսզի դահլիճում ներկա մարդկանցով միախմբված աղոթք բարձրացվի առ Աստված աշխարհի խաղաղության համար երաժշտության միջոցով:
Բացման խոսքում համերգին հատուկ մասնակցելու համար Բարսելոնա ժամանած ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանն երախտագիտության խոսք է ասել Սանգրադա Ֆամիլիա տաճարի վանահայր և տեսուչ Հոգեշնորհ Խոսե Մարիա Տուրույին՝ հայկական մշակույթին նվիրված այս բացառիկ համերգը կազմակերպելու գործում գործադրած ջանքերի համար՝ նշելով, որ իրենց դռները բացելով հայկական հոգևոր երաժշտության առջև, այդպիսով ցուցաբերում են հարգանք հայ ժողովրդի և հայկական մշակույթի հանդեպ:
Համերգին Հայաստանից հրավիրված էր մասնակցելու նաև «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գևորգ Չիչյանը:
Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ «Միասին» ՀԿ-ի նպատակը Հայաստանում բարեգործական, առողջապահական ծրագրեր իրականացնելուց բացի, նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է, հայկական մշակույթի տարածումն ու միջմշակութային երկխոսության ապահովումը, որի պատեհ առիթով ներկա է համերգին:
Գևորգ Չիչյանը իր շնորհակալական խոսքն է հղել ՀԲԸՄ Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Անտոնիո Սարաֆյանին և երաժիշտ Գագիկ Գասպարյանին հրավերի համար և հանձնել է ՀԿ-ի շնորհակալագրեր մշակութային միջոցառման նախաձեռնողներին՝ կատարած անմնացորդ աշխատանքի համար:
Հավելենք, որ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով հայկական մշակույթը օտարների շրջանում հանրահռչակելու իր առաքելությանը, հայկական բազմադարյա երաժշտությունը այս համերգարշավի ընթացքում հնչեցրել է նաև Իսպանիայի այլ քաղաքներում նույնպես, ինչպես նաև Հոլանդիայի, Հունաստանի տաճարներում:
Երաժշտի ելույթը կազմակերպվել է նաև Կ.Պոլսի հայաշատ Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցում՝ օրհնության Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի:
Ընդհանուր առմամբ, իրականացվել է տասնչորս համերգ:
Գագիկ Գասպարյանի գործունեության առանցքում օտարների շրջանում հայկական մշակույթը տարածելն է։ Այդ նպատակով նա բազմաթիվ համերգներ է ունեցել օտարազգի հանդիսատեսի համար տարբեր բեմերում՝ հանրահռչակելով հայ ժողովրդի հարուստ երաժշտարվեստը դուդուկի միջոցով։
Գագիկ Գասպարյանի դուդուկի կատարումները հնչում են նաև լատինամերիկյան, կանադական և եվրոպական մի շարք ֆիլմերում, հեռուստաեթերներով, նրա նախաձեռնությամբ արգենտինական թերթերում հոդվածներ են լույս տեսնում հայկական բազմադարյան մշակույթի մասին:
Գագիկ Գասպարյանն աշխարհի տարբեր երկրներից ունի բազմաթիվ օտարազգի ուսանողներ, որոնց առցանց դասավանդում է դուդուկ, ինչպես նաև կազմակերպում է վարպետության դասեր: