«Ոչ էն է ինձ պետք, ոչ էն, մի երկու հատ ջիպ ունենամ, մի հատ բնակարան». այսպես են մտածում
«Թվում է, թե ամենահեշտ, դյուրըմբռնելի օղակն է դպրոցը, բայց այն նուրբ օրգանիզմ է»,-այսօր Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ նոր օրենքով առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր: Սահակյանը նշեց, որ այս օրենքի ու ընդհանրապես կրթության համակարգի ու բարեփոխումների մասին խոսելիս պետք է հիշել այն ժամանակները, երբ դպրոցը ցուրտ էր, ու հնարավոր չէր դասեր պարապել, երբ ուսուցիչը երեք հազար դրամ աշխատավարձ էր ստանում:
«Մենք պիտի նպաստենք, որպեսզի հասարակությունը որոշակիորեն մոտեցումներ ունենա դպրոցի նկատմամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում լավագույն արդյունքներն են արձանագրել տարածաշրջանում: Նա նկատեց, որ այսօր քայլ առ քայլ փորձում են խնդիրները լուծել, արձանագրված արդյունքներից է նաև այն, որ դպրոցները համագործակցում են բուհ-երի հետ:
«12-ամյա կրթությունը պարտադիր ենք ուզում դարձնել, ի՞նչ ենք ուզում այստեղ շահել, մեր իններորդ դասարանի երեխաների մոտավորապես վաթսուն տոկոսը, որ ավարտում են իններորդ դասարանը, առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո բակից մի ուրիշ տեղ ու այդպես շարունակ: Դպրոցի գործոնը միայն գիտելիքը չէ, դաստիրակությունն է, երեխաների համար միջավայր չկա ուրիշ, նրանք պիտի մնան դպրոցում, պիտի կարողանան շփվել ուսուցչի հետ, պիտի կարողնանա շփվել հասակակիցների հետ, սա միջավայր է ուրիշ:
Դպրոցի միակ գործոնը ապագա քաղաքացի պատրաստելն է, և այդքան խորանալ ու մտածել, որ բոլոր նրանք, ովքեր սովորում են դպրոցում, պիտի անպայման բուհ ընդունվեն, մի կողմից շատ դրական է, որովհետև մեր ազգային բնութագիրն է, որ երեխան դեռ չծնված՝ արդեն մտածում են, թե ինչ է դառնալու, ոչ մեկը չի ասւոմ՝ որմնադիր է դառնալու, որի պակասն այսօր կա:
Բժիշկ են ուզում, որմնադիր են ուզում, արդեն ուսուցիչ էլ չեն ուզում դառնալ, դեսպան, Ազգային ժողովի նախագահ են ուզում դառնալ, տնտեսագետ: Մի մասն էլ մտածում է՝ ոչ էն է ինձ պետք, ոչ էն, մի երկու հատ ջիպ ունենամ, մի հատ բնակարան, իսկ այդ ամեն ինչի ծնունդն սկսում է այստեղից, մենք այսօր ունենք կշռադատված դպրոց»:
Ըստ ԱԺ նախագահի՝ դպրոցը ԱԺ-ում քննարկելու բան չէ, և եթե պատգամավորները դեմ են այս նախագծին, ապա կարող են իրենց առաջարկներն այս ընթացքում ներկայացնել նախարարություն, քանի որ նախագծի քվեարկությունը հաջորդ քառօրյայի ժամանակ է լինելու: Սահակյանը նաև հորդորեց մշտապես քննադատող բարեկամներին «հրաշք» բարեփոխումներ իրականացնելու համար դասաժամեր վերցնել ու դասավանդել դպրոցներում, իսկ օրենքը չհետաձգել:
«Հետաձգելուց հետո գնալու ենք դպրոցում բարեփոխիչներ աշխատե՞նք, այնպես որ հաջորդ քառօրյային քվեարկելու ենք այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացրել է կառավարությունը: Ձեր կրքերի հաշվին մի նվաստացրեք դպրոցը»: