Լրջագույն փոփոխություն. 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր
Կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Այսպես Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Նախարարը նշեց, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքցիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել:
«Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն կրթության նոր, ավելի բարձր շեմ, այդ շեմը ձևակերպվելու է որպես 12-ամյա տիրույթում գտնվող, ընդհանուր հանրակրթական հիմնական հենքի վրա՝ լրացուցիչ եռամյա կրթության հնարավորություն կամ հանրակրթական ծրագրերով միջնակարգ և ավագ դպրոցներում կամ նախնական ու միջին մասնագիտական, ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտական կրթության հնարավորությամբ»,-բացատրեց նախարարը:
Նա ընդգծեց, որ այս փոփոխությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հաջորդ տարի կընդունվեն իններորդ դասարան՝ հաշվի առնելով նախապատրաստական աշխատանքների առկայությունը: