23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանի վրեժը» կլուծեն հենց ՀՀ «նոր քաղաքացիները»

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»,- 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հերթական բունկերից, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով վրեժ լուծել իր կեցավայրից օծանելիքի գողության համար։ Այդ հայտարարությունն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր իրենից պատասխան էին պահանջում «հաղթելու ենք» կարգախոսով խաբելու և երկիրը պարտության մատնելու համար։

4.5 տարի անց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած «քաղաքացու վրեժը» իրականում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ վրեժ լուծելու արտահայտություն է, որն իրականացվում է իր իսկ իշխանության կողմից։

«Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես։  Պիտի վրեժս քեզանից լուծեմ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարության առաջին արձագանքը, բնականաբար, այն է, որ Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած բոլոր քայլերը, Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը, Հայաստանի դեմ բոլոր քայլերը։ Հասկանալի է, որ սա մեծագույն նվեր է Ադրբեջանին՝ միջազգային հանրության շրջանում սեփական ցեղասպան քաղաքականությունն արդարացնելու համար։

Բայց անգամ այս հետևանքը, թեկուզ և դժվարությամբ, կարելի է մեղմել, օրինակ, նույն միջազգային հանրությանը ներկայացնելով արժանահավատ տեղեկանք հայտարարության հեղինակի առողջական վիճակի, կամ վկայություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության կողմից նրան հավաքագրելու մասին։

Շատ ավելի վտանգավոր է, սակայն, թե ինչպես է փորձում Փաշինյանն իրագործել «ադրբեջանական վրեժի» մասին թեզը, որն օրգանական կապի մեջ է չորս տարի առաջ հռչակված «քաղաքացու վրեժի» մասին ցնդաբանության հետ։

Առաջին հայացքից անտեսանելի, անշոշափելի այդ կապն արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայումս կերտում է Հայաստանի քաղաքացու այնպիսի տիպար, որն ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Առանց հիշողության ու հայրենիքի, առանց պատմության ու ինքնության և միայն լավ ապրելու մասին մտածող մարդը, որին օրուգիշեր գովերգում է Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քաղաքացու այն մոդելն է, որը որևէ կերպ չի խոչընդոտելու Ադրբեջանի պահանջների կատարմանն ու նրա երկարաժամկետ շահերի սպասարկմանը։ Իսկ Ադրբեջանի պահանջները վերաբերում են բոլոր այն հիմքերի վերացմանը, որոնց վրա կառուցվել ու կայացել է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Եվ ստացվում է, որ իր «վրեժը լուծելու» համար Ադրբեջանը պատերազմի արյունալի փուլից անցում է կատարել մեկ այլ՝ խորքային առումով շատ ավելի սարսափելի միջոցի՝ Հայաստանում իր շահերը սպասարկող իշխանության շնորհիվ հայկական ինքնությունը փոխում է այնպես ու այնքան, որ «Ադրբեջանի վրեժը» լուծեն հենց ՀՀ «նոր քաղաքացիները»։

Հայկական պետականության համար ողբերգական այս պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի համար կա նաև անձնական խնդիր կամ վրեժ։ Նորանկախ Հայաստանի 30 տարիները, որոնք, ըստ իր տրամաբանության, «Ադրբեջանին չեն թողել ապրել», մոտավորապես այդպիսին են եղել նաև անձամբ իր համար։ Եթե այդ ժամանակաշրջանում Ադրբեջանը «չէր կարողանում ապրել» հաղթանակած Հայաստանի ու Արցախի ունեցած դերակատարության պատճառով, ինքն էլ գտնվում էր քաղաքական-քաղաքացիական կյանքի լուսանցքում՝ Ադրբեջանի հետ գրեթե զուգահեռաբար պայքարելով հայկական բոլոր այն ինստիտուտների դեմ, որոնց շնորհիվ հաղթանակել ու կայացել էր Հայաստանը։ Այդ իմաստով «Ադրբեջանի վրեժը» նաև Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժն է, որը նա ցանկանում է լուծել իր իսկ կողմից կերտվող քաղաքացու միջոցով։ Երևի հենց այդտեղ է թաքնված նրա գլխավորած կուսակցության անվանման՝ «Քաղաքացիական պայմանագրի» իրական գաղտնիքը։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168 Ժամ

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ