«Մորթելու եմ»․ գյումրեցի ծանրամարտիկը ծեծել է դասընկերուհու հորը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս՝ 1998 թվականի նոյեմբերի 18-ին ծնված, դեպքի պահին՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, դեռ 15 տարեկան Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:
Տիգրանը սովորում է օլիմպիական հերթափոխի քոլեջում, զբաղվում է ծանրամարտով: Նրա ծնողները հաշմանդամ են, ընտանիքը բնակվում է տնակային պայմաններում:
Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը Տիգրանն իր տարեկիցներ Հրաչի, Տիգրանի, Ազատի, Արմանի և Ժանի հետ գտնվել է Գյումրիի Իսահակյան փողոցի պուրակում:
Տղաների խումբը տեսել է պուրակով անցնող անչափահասներ Սուսաննային, Սալբիին ու Սարգիսին:
Տիգրանը մոտեցել է Սուսաննային ու բարևել է, որովհետև նրան ճանաչել է դպրոցական ճամբարից: Սուսաննան չի բարևել Տիգրանին, վերջինս վիրավորվել է ու քաշել է Սուսաննայի ձեռքից, հարցրել է՝ ինչու չի բարևում:
Սուսաննան ու Տիգրանը, ըստ դատական ակտի, քաշքշել են իրար, հրել են, միասին ընկել են գետնին, նրանց շորերը ցեխոտվել են:
Տիգրանն ապտակել է Սուսաննային:
Սուսաննան վիրավորական բառեր է ասել ու սպառնացել է, թե հորն ասելու է:
Սուսաննան, նրա քույրն ու եղբայրը տուն են գնացել, տեղի ունեցածը պատմել են իրենց հորը՝ Միհրանին:
Վերջինս որդու՝ Սարգիսի հետ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում գնացել է Իսահակյան փողոցի պուրակ:
Տեքստիլագործների ակումբի մոտակայքում Միհրանը Սուսաննային նեղացնելու հարցով վիճել է անչափահաս Տիգրանի հետ: Նրանք քաշքշել են միմյանց: Տիգրանը իր մոտ ունեցած սուր ծակող առարկայով հարվածել է Միհրանի կրծքավանդակի ձախ կեսին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած վերքերի, ձախակողմյան պնևմոթորաքսի ձևով:
Դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով Տիգրանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա հայտնել է, թե ընկերների հետ նոր էին վերադարձել ֆուտբոլի խաղից: Իրենց մոտով անցել են երկու աղջիկ ու մի տղա: Ինքը ճանաչել է Սուսաննային, բարևել է նրան, բայց Սուսաննան չի պատասխանել: Ինքը մոտեցել է նրան՝ պարզելու, թե ինչու չի բարևում: Բռնել է նրա թևից: Սուսաննան հրել է իրեն: Անձրևոտ եղանակ էր, իրենք սայթաքել ու միասին ընկել են, իրենց շորերը ցեխոտվել են:
Սուսաննան վիրավորական արտահայտություններ է արել իր ու ընկերների հասցեին, սպառնացել է, թե հորը կասի, նա հաշվեհարդար կտեսնի: Նրանք հեռացել են:
Ինքն ընկերների հետ քայլել է դեպի Տեքստիլագործների ակումբ:
Ցայտաղբյուրի ջրով լվացվել է, գետնից վերցրել է «բզատիպ մեխ» ու կռացած՝ մաքրել է սպորտային կոշիկների ցեխը:
Այդ պահին լսել է ինչ-որ մեկի բարձր հայհոյանքները: Տեսել է, որ մի տարիքով տղամարդ է մոտենում, նա, երևի, սթափ չի եղել:
Հասկացել է, որ նա Սուսաննայի հայր Միհրանն է:
Սուսաննայի եղբայրը մատնացույց է արել իրենց, ասել է, որ իրենք են եղել:
Տղամարդը հայհոյել է իրենց, ագրեսիվ պահվածք է ունեցել, ինքն ու ընկերները ներողություն են խնդրել ու հետ-հետ են գնացել, բայց այդ տղամարդը հարձակվել է իրենց վրա, նույնիսկ ձեռքը ծոցն է տարել, սպառնացել է, թե բոլորին մորթելու է, «լիմա-լիմա» կտրատելու է: Նա բռնել է իրեն, քաշքշել է:
Ընկերները փորձել են իրեն ազատել այդ տղամարդու ձեռքից: Ինքը վախեցած էր: Ազատվելու համար բռունցքներով անկանոն հարվածել է այդ տղամարդու մարմնին, չի տեսել՝ նա վնասվածք ստացել է, թե ոչ:
Երբ այդ տղամարդը բռնել է իր շորերից, կոշիկները մաքրելու «բզատիպ մեխը» իր աջ ձեռքում էր: Տղամարդուն ինքը բռունցքներով է խփել, ձեռքին եղած մեխին ուշադրություն չի դարձրել: Ինքը հարվածել է վախից, ցանկացել է ազատվել այդ տղամարդու ձեռքից»,- գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ 1in.am-ի