Թուրքիան աջակցում է «Իսլամական պետության»-ը. կան ապացույցներ
Սիրիայի Սերեքանիյե (արաբերեն Ռաս-էլ-Այն ) քաղաքի քրդական «Ժողովրդական պաշտպանության խմբերի» (YPG) կանանց զորաջոկատի կին հրամանատար Չիչեք Խեմգինը ուշագրավ ապացույցներ է ներկայացրել Թուրքիա – «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև գոյություն ունեցող կապի մասին, հայտնում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական «Սոլհաբեր» լրատվական կայքի` քուրդ հրամանատարը նշել է, թե ինչպես է Թուրքիան ԻՊ-ի զինյալներին օժանդակություն ցուցաբերում: Խեմգինի խոսքերով`իրենք փաստացի ապացույցներ ունեն, որ Սերեքանիյե քաղաքում տեղի ունեցած մարտերում վիրավորված ԻՊ-ի զինյալներն տեղափոխվել են մոտակա թուրքական ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց տրամադրվել է ապաստան:
«Թուրքիայի տարածքը օգտագործելով հարձակում սկսեցին: Մեր զինակիցները նկարահանել են, թե ինչպես էին զինյալները Թուրքիայի տարածքով հարձակվում: Լուսանկարները մեր ձեռքում են: Բախումներըը սկսվելուց հետո ռազմական մեքենաները, մոտենալով սահմանին, տեղափոխեցին ահաբեկիչների վիրավոր զինյալներին: Բախումը սահմանին շատ մոտ էր, և թուրքական սահմանից մեր զինակիցներին հարվածեցին:»,-հավելել է Խեմգինը: