Ո՛չ, վարչապետն է որոշում. Աբրահամյանը՝ նախարարին

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց հաստատել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը:
Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ըստ օրենքի՝ ստեղծվում է մեկ միասնական մարմին և մեկ միասնական բողոքարկման հանձնաժողով, որն ընդգրկում է հարկային և մաքսային ոլորտները.
«Ըստ ընդունված կարգի՝ այս օրենքը քննարկվել է տեսչական բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը գլխավորում է ՀՀ վարչապետը և միաձաժայն հավանություն է ստացել: Միայն մեկ առաջարկ կար, որ ֆինանսների նախարարության հանձնաժողովի անդամը հետագայում դատական նիստերի ներկայացվի, և այդ առաջարկն ընդունվել է»,- ասաց Ճշմարիտյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վարչապետը կորոշի, թե ով մասնակցի դատական նիստերին.
«Պարտադիր չի, որ լինի հանձնաժղովի անդամ, մեր պայմանավորվածությունը հիշեք: Վարչապետը կորոշի՝ ով է մասնակցում»,- ասաց Աբրահամյանը:
-Հանձնաժողովը որոշում է, թե ով է մասնակցում,- հակադարձեց Կարեն Ճշմարիտյանը:
-Ո՛չ, վարչապետն է որոշում,- ասաց Աբրահամյանը, ում պնդմանը համաձայնեց Ճշմարիտյանը:
Նշենք, որ ըստ փոփոխության սահմանվում է, որ բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկված բողոքարկվող գործի բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը, համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների երեք, ինչպես նաև համապատասխան բնագավառների գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ փոփոխվում են ռոտացիոն կարգով:
Հանձնաժողովի հիմնական խնդիրը տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի), ինչպես նաև հարկային և մաքսային վերադաս մարմինների որոշումների դեմ բերված բողոքների լուծումն է:
Հանձնաժողովի հիմնական գործառույթը հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների և դրանց վերաբերյալ տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողության կամ անգործության, նրանց կողմից ընդունած վարչական ակտերի, հարկային և մաքսային վերադաս մարմինների որոշումների քննարկումն ու դրանց վերաբերյալ որոշումների ընդունումն է: