27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա»

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:

Այո՛, Նիկոլն Արցախի ֆիզիկական հայաթափումից հետո անցել է «Операция ЬI и другие приключения Воваича» տրագեդիայի նոր արարին՝ հայաթափել Հայաստանը: Այս փուլում Հայաստանի հայաթափումը նա իրականացնում է բովանդակային առումով՝ հարձակվելով մեր հավատքի, պատմության, ինքնության, բարոյագիտության վրա:

Գալով իշխանության՝ որպես դասական պոպուլիստ, կամ իր բառապաշարով ասած՝ տիպային կիստա, նա կանխատեսելի կերպով անցնում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ ճանապարհը, որը նա գեղեցիկ փաթեթավորմամբ տրանսֆորմացիա է կոչում, իսկ իրականում դա նախ՝ իր անձի, հետո՝ իր շրջապատի, իսկ վերջնարդյունքում՝ ողջ հասարակության դեֆորմացիա է:

Ինչպես ամեն մի պոպուլիստ, որ դիկտատոր դառնալու ճանապարհն է բռնել, Նիկոլը փորձում է մտնել նոր դերի, նոր ամպլուայի մեջ՝ ազգի ինտելեկտուալ առաջնորդի, «խորքային մտածողի», նոր գաղափարախոսի դիմակը հագնելով: Այդպիսին էին Հիտլերը և Ստալինը, Թուրքմենբաշին և Ալիևները, աֆրիկյան բռնապետները և Սադամն ու Քադաֆին:

Սակայն, ի տարբերություն շատ ու շատ չհիշատակված բռնապետների՝ նա չունի ո՛չ էլեմենտար մտավոր կամ կամային, կամ պատմական հիմքեր «отец армянской демократии» ներկայանալու համար: Վերջիվերջո, գաղափարախոսությունները, ինչպես որ պատմությունը, սիրում են հաղթողներին, իսկ Փաշինյանը լուզեր է՝ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ համաշխարհային արդի պատմության տեսանկյունից:

«Պետությունն՝ ընդդեմ Հայրենիքի» հիմարագույն թեզի անփառունակ քարոզից հետո նա նոր խաղալիք է գտել՝ բաժանելով Հայաստանն իրականի և պատմականի և հակադրելով այդ սինթետիկ հասկացություններն իրար: Որպեսզի ավելի ցայտուն լինի նիկոլական այս «մեթոդաբանության» ողջ զավեշտը, բերեմ հետևյալ օրինակը: Հայտնի է, որ մարդու քրոմոսոմային բանաձևը կամ XY կամ XX է՝ կախված սեռից, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրոմոսոմների կեսը ստանում է հորից, մյուս կեսը՝ մորից: Հիմա պատկերացրե՛ք, որ հայտնի որևէ կենսաբան ասի, թե X-ը հակադրվում է Y-ին, որ X-ը Y-ից կարևոր է, որ Y-ը վտանգավոր է X-ի համար, և այլ նմանատիպ ցնդաբանություններ:

Նույնը մեր դեպքում է. լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին կազմում են մի ամբողջություն: Ինչպես մարդը չի կարող կենսունակ լինել և մարդ կոչվել միայն X կամ Y  քրոմոսոմով, այդպես էլ չի կարող պետությունը կամ հայրենիքը որոշվել և ապրել՝ միայն «իրական» կամ միայն «պատմական» դիրքավորվելով:

Փաշինյանի բացահայտ և անորակ կռուտիտների տիրույթում հայտնվեց նաև Հայաստանում քաղբանտարկյալների հարցը: Նրա հնարամիտ երևակայությունը հերիքեց միայն երկնելու «բա եթե նրանք քաղբանտարկյալ են, ինչո՞ւ բոլոր ընդդիմադիրները նստած չեն» ոճի անհեթեթություն: Այս կռուտիտի մերկացումը շատ պարզ է: Նախ՝ մարդկության պատմության մեջ և ոչ մի բռնապետ չի նստացրել իր ռեժիմի հետ բոլոր անհամաձայններին ու անհաշտներին: Ինչպես ռուսներն են ասում, всех не пересажаете.

Եվ երկրորդ, մարդկանց քաղաքական հայացքների համար նստացնելը կամ վերացնելը հետապնդում է նաև կոլեկտիվ էֆեկտ՝ վախի մթնոլորտ ստեղծելու ցանկություն: Այսպես, 10 միլիոնանոց Ադրբեջանում հաշվում են մոտ 250 քաղբանտարկյալ, նույնքան բնակչություն ունեցող Բելառուսում՝ մոտ հազար ու կես, իսկ 3 միլիոնանոց Հայաստանում՝ մի քանի տասնյակ:

Ուստի մեզ նստացնելու հետ կապված Նիկոլի հաշվարկները խառնելու համար մեկ բան կենսական է՝ չվախենալը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

14.04.2024թ.

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ