27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանդիպեց Նիկոլը, շահեց Ալիևը

Բրյուսելյան հանդիպման ստվերները

Բրյուսելյան վերջին հանդիպումը բազում քննարկումների և վերլուծությունների առիթ դարձավ, որոնցից անմասն մնալ չեմ կարող: Այդ եռակողմ հանդիպման բովանդակությունը և հետևանքները հնարավոր է վերլուծել երկու հարթությունների մեջ՝ տեսանելի և անտեսանելի:

Առաջ անցնելով՝ ասեմ, որ չեմ հավատում, թե հանդիպումը միայն այն էր, ինչ մեզ հրամցրեցին. համատեղ հայտարարության և բրիֆինգին հնչեցրած կոնտենտը չափից ավելի «էժան» էր նման նախնական  մեդիաաղմուկի և ձևաչափի համար: Կասկած չունեմ, որ այն ուներ նաև փակ բովանդակություն, որն անգլերեն գրականության մեջ կոչվում է hidden agenda՝ թաքուն օրակարգ:

Հատկանշական է, որ եռակողմը տեղի ունեցավ NATO-ի 75-ամյակին նվիրված տոնակատարություններից անմիջապես հետո, որը գուցե թելադրված էր Բլինքենի և Ֆոն դեր Լեյենի լոգիստիկ հարմարություններով, սակայն ստեղծված գեոպոլիտիկ վիճակում նման էր NATO-ի ծննդյան քեֆի after-party-ին:

Կազմակերպիչները, փարատելու համար թուրք-ադրբեջանական անհանգստությունները, նախապես հայտարարել էին, որ հանդիպումն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ տնտեսական և դեմոկրատական բնույթ: Այս ֆոնի վրա ողբալի են ԱԳ նախարարի պաշտոնին աշխատող Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները, թե եռակողմին շեշտվել է ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, որոնք ընդամենը հպանցիկ հիշատակված են համարել հայտարարության նախաբանում, և որոնց հետագայում չկա և ոչ մի անդրադարձ:

Բուն հայտարարության տեքստը շատ թույլ էր, և խնդիրը միայն ֆինանսական աջակցության ծիծաղելի ծավալների մասին չէ: Անգամ հայտարարված տեքստում չկան, օրինակ, հիշատակումներ միջազգային դոնորների կոնֆերանս կազմակերպելու հնարավորության մասին, չկա անդրադարձ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին (այս ֆոնին Արարատ Միրզոյանի «կռուտիտը» «զանազան վիզային ռեժիմների» հնարավոր կիրառման մասին էլ ավելի է աչքի զարնում):

Կողմերն այնքան էին վախեցած Ալիևից, որ հայտարարության մեջ չեն հիշատակել անգամ ԵՄ դիտորդական առաքելության մասին Հայաստանում, որպեսզի «տարածաշրջանային բնույթ» հանդիպմանը չհաղորդեն: Այս առումով Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի կողմից հիշատակումն այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ Սևծովյան էներգետիկ մալուխին, որի հիմնական փայատերերից մեկը հենց Ադրբեջանն է, ում համաձայնությունը պարտադիր է լինելու Հայաստանի հնարավոր միացման դեպքում: Պատկերացնում եք չէ՞, թե նման համաձայնության դիմաց Ալիևը ինչեր կարող է պահանջել Հայաստանից: Չմոռանանք նաև, որ Արցախի էներգետիկ կարողությունների կորստից հետո և Մեծամորի ԱԷԿ-ի մշուշոտ ապագայի ֆոնին Հայաստանի էներգետիկ հեռանկարները խիստ կասկածելի են, և մենք մեծ հավանականությամբ կարող ենք էներգիա արտահանող երկրից վերածվել ներկրող երկրի:

Խիստ հիասթափեցնող էր նաև Արցախին վերաբերող օրակարգը, որը սահմանափակվեց միայն հումանիտար օգնության հարցերով: Անգամ այն դեպքում, որ հանդիպումը չպետք է ջղայնացներ Ադրբեջանին իր օրակարգով, նույն հումանիտար բլոկի ներքո չկար և ոչ մի հիշատակում հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման անհրաժեշտության մասին: Հիշատակված չէր նաև Արցախում հայ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Իմ ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանը փորձել է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի թեմա բացել նաև այն պատճառով, որ ստիպված չլինի պարբերաբար հիշատակել Սերժ Սարգսյանի դիվանագիտական ձեռքբերում համարվող CEPA-ն՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական հիմք: Սակայն եվրոպացիք գրեթե բաց տեքստով իրեն ասել են, որ դուք անգամ CEPA-ն իրականում նորմալ չեք կատարում, որ ակնհայտ կաղում եք իմպլեմենտացիայի մեջ, ուստի ավելի լավ է իրոք զբաղվեք ճյուղային բարեփոխումներով, որոնք նախատեսված են CEPA-ով: Իսկ որպեսզի բավարարեն Նիկոլի PR-տենչանքը՝ իր օրոք ինչ-որ նոր թուղթ ստորագրելու, արհեստականորեն փքելու են ԵՄ-Հայաստան Գործընկերության ծրագիր կոչվող աշխատանքային թղթի կարևորությունը:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա ակնհայտ է, որ նա այս եռակողմից դուրս եկավ մաքսիմալ շահած: Նախ իրեն հաջողվեց գոնե տեսանելի հատվածում Բրյուսելյան հանդիպման օրակարգից հանել տարածաշրջանային հարցերը, ինչը միանշանակ ձեռնտու էր նաև Արևմուտքին, որպեսզի Հայաստանի հետ օրակարգում կենտրոնանա հիմնականում Մոսկվայի դեմ տարվող խաղի վրա: Ալիևը հասավ նրան, որ և՛ Բլինքենը, և՛ Ֆոն դեր Լեյենն իրեն առանձին զանգերով լրացուցիչ կարևորեցին և «հանգստացրեցին»: Այս արևմտյան ժեստերը նա վստահաբար օգտագործելու է նաև իր երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեմ միջազգային լարվածությունը թուլացնելու համար: Միաժամանակ կտրուկ և կոշտ խոսելով այդ հանդիպման դեմ՝ Ալիևը լրացուցիչ միավորներ վաստակեց Մոսկվայի աչքերում՝ «Նիկոլը քըխ է, ես լավն եմ» սխեմայով:

Արդյունքում՝ ստացվում է, որ Բրյուսելում հանդիպեց Նիկոլը, բայց շահեց Ալիևը: Եվ այս առաջին հայացքից պարադոքսը Փաշինյանի ավանտյուրիստական և տգետ արտաքին քաղաքականության հերթական հետևանքն է:

Հ.Գ. Արևմուտքի կողմից նիկոլական «դեմոկրատիայի» մասին դատարկ կենացներին չեմ էլ անդրադառնում: Իրական վիճակը գիտենք և՛ մենք, և՛ պատկան միջազգային կազմակերպությունները (Freedom House, TI, Heritage, EIU և այլք): Արևմտյան ներկայիս էլիտայի համար եվրոպական արժեքները վերածվել են քրքրված լաթի, որն օգտագործվում է՝ ըստ իրենց նպատակահարմարության: Երևանի և Բաքվի բանտերում նստած հայ քաղբանտարկյալները՝ վկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

07.04.2024թ.

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ