Դրամահավաք ազատամարտիկի բազմանդամ ընտանիքի համար

«Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն սպառվում է ժամկետը, որի ընթացքում խարդախության մեղադրանքով 6 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Ավետիսյանը պետք է որպես փոխհատուցում փոխանցեր դատավճռով սահմանված 2 հազար դոլարին համարժեք դրամը:
Սարուխանյանի փոխանցմամբ Ավետիսյանի ընտանիքը չի կարող փոխանցել այդ գումարը, որովհետև նրանք սոցիալապես անապահով են և ներկա դրությամբ բավականին ծանր կացության մեջ են գտնվում:
“Բացվել է հաշվեհամար Վոլոդյա Ավետիսյանին և նրա ընտանիքին օգնելու համար: Ավետիսյանի նկատմամբ քրեական գործը նպատակաուղղված էր նրա նկատմամբ ճնշումներ իրականացնելուն: Ուստի դիմում եմ նաև ազատամարտիկներին ու ասում, որ նա առաջինն էր, որ ոտքի կանգնեց ազատամարտիկների իրավունքների համար:
Մենք ինչու ենք նախապես սկսել դրամահավաք, որովհետև գիտենք ճնշումները ինչ բնույթի կարող են լինել: Կարող է անակնկալ կանգնեն գլխներին ու էտ մարդու տունը կամ հողամասը խլեն ու նրա բազմանդամ ընտանիքը մնա փողոցում”,-ասաց Սարուխանյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը Ավետիսյանի կողքին է եղել նրա պայքարի առաջին իսկ օրից` 2013 թվականի մայիսի 10-ից: Մելիքբեկյանը հավատացած է,որ .”Վոլոդյաի գլխին ուղղակի սարքել են ու միայն իր հայացքների համար”:
“Գտնվելով անազատության մեջ նա ավելի մարտունակ է` ազատվելու այս ռեժիմից, նա շատ ավելի ազատ է, քան ազատության մեջ գտնվող շատերը: Ընդամենը նա գտնվում է փակի տակ , իսկ միտքը միշտ գործում է”,-հավելեց Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում ր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։
Նա և իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-178 հոդվածի 2 մասի 5 կետով (հանցափորձը, խարդախություն) և 178 հոդվածի 2 մասի 2,5 կետերով (խարդախությունը` մի խումբ մարդկանց հետ ընդհանուր համաձայնությամբ):