Անպտուղ է

«Հայաստանը միշտ կարևորել է քաղաքացիական հասարակության ձևավորումը»,-Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակներում Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Միշտ էլ Հայաստանի պատվիրակությունը ողջունել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով: Եվրանեսթի խնդիրը որպես խորհրդարական ձևաչափ առաջին հերթին քաղաքացիական հասարակությունների մերձեցման հարցն է:
Մեր խնդիրը կոնֆլիկտներ կարգավորելը կամ նուրբ խնդիրներում հրահրող բարդացնող իրավիճակ ստեղծելը չէ»,- ասաց Զաքարյանը: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունն ինչ-որ մարդկանց խումբ չէ, ովքեր ունեն ավելի դեմոկրատական հայացքներ, քան հանրության մյուս շրջանակները, քաղաքացիական հասարակությունն ամբողջ հասարակությունն է, ուստի կարևոր է յուրաքանչյուր հասարակության գլոբալ խնդիրների ուսումնասիրությունը:
«Այս առումով կարևորում եմ Եվրամիության քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը, որպեսզի այսուհետ Արևելյան գործընկերության 6 պետությունների համար լինի առանձնակի մոտեցում: Չի կարելի մեկ չափման միավորի մեջ ներառել բոլոր 6 պետություններին: Քաղաքացիական հասարակության դերն այս գործընթացում շատ կարևոր է: Առավել ուշադիր, կենտրոնացված մոտեցում պետք է լինի վստահության մթնոլորտի ձևավորման համար: Եթե չկա վստահության մթնոլորտ, բոլոր գործողություններն արհեստական, ժամանակավոր, անպտուղ բնույթ են ունենալու:
Հայաստանում, այո, կան խնդիրներ, այո, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման համար էական նշանակություն ունեն կուսակցությունները, քաղաքական համակարգը, և ուստի մեր հանձնառությունն է, որ որպես իշխանություն՝ աջակցենք ու շարունակության մեջ անընդհատ դիտարկենք բարեփոխումների իրականացումը, ինչը ակնկալում ենք Եվրամիության հետ ակտիվ քաղաղաքական երկխոսության միջոցով»,-եզրափակեց նա: