“Սիվիլնեթ”-ը, “Էխո Մոսկվի”-ն, “Ա1+”-ն ու մնացածները. Առավոտ
“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է “Սիվիլիսաս”-ին եւ ընդհանրապետ լրատվամիջոցների աղբյուրներին: “Ամպերը, որոնք վերջերս կուտակվում են Վարդան Օսկանյանի եւ “Սիվիլիթասի” գլխին, ինձ հուզում են նախեւառաջ այն պատճառով, որ դա կարող է խոչընդոտել եւ նույնիսկ, Աստված մի արասցե, խափանել civilnet.am կայքի աշխատանքը:
Տվյալ դեպքում ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ում է իրականում պատկանում այդ կայքը` Օսկանյանի՞ն, Հանթսմանի՞ն, մորմոնների՞ն, ԲՀԿ-ի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: Թե որպես այդ կայքին հետեւող օգտատեր, թե որպես “Սիվիլնեթի” հետ համագործակցող` կարող եմ փաստել, որ առօրյա աշխատանքում վերոհիշյալ “աղբյուրների” ազդեցությունը բացարձակապես չէր զգացվում եւ որեւէ սահմանափակումների չէր բերում:
Դա, ի դեպ, վկայում է այն մասին, որ խելացի մենեջմենթը եւ լրագրողական պրոֆեսիոնալիզմը եթե ոչ ամբողջությամբ, ապա 90-95 տոկոսով չեզոքացնում են “աղբյուրների” գործոնը:
Դուք զգո՞ւմ եք, օրինակ, որ “Էխո Մոսկվի” ռադիոկայանը “Գազպրոմինն” է: Այս 20 տարում իշխանությունը ոչ պաշտոնական “հիմնավորումներ” է գտնում` իրեն դուր չեկող լրատվամիջոցը ճնշելու համար: Օրինակ` պարբերաբար մեր ղեկավարները դժգոհ են լինում “Ազատություն” ռադիոկայանից, որն, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից: 90-ականների առաջին կեսին հիմնավորումն այն էր, որ այդ ռադիոկայանի հայկական խմբագրությունը գտնվում է Դաշնակցության ազդեցության տակ: Այս մասին մերոնք նույնիսկ բողոքել էին 91 թվականին մեր երկիր եկած ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերին: Հետագայում կիսապաշտոնապես սկսեցին խոսել, որ այդ ռադիոկայանը մասնակցում է Հայաստանի դեմ դավադրությանը եւ ուզում է այստեղ “նարնջագույն հեղափոխություն” իրականացնել: Հիշում եմ, որ մի անգամ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել ռադիոկայանի թղթակցի հարցին` նշելով, որ այն ամերիկյան է, ոչ հայկական: Դե, իսկ “Ա1+”-ն էլ, իշխանամերձ շրջանակների մատուցմամբ, “ՀՀՇ-ական հեռուստաալիք” էր եւ հենց այդ պատճառով էլ պետք է եթերազրկվեր: Հիմա “Սիվիլնեթն” է իբր ինչ-որ “քոչարյանա-մորմոնական” հեռահար ծրագրեր իրականացնում:
Իրականում “Սիվիլնեթը” կարճ ժամանակում կարողացավ կայանալ եւ այսօր խիստ դրական դեր է խաղում մեր լրատվական դաշտում: Բայց եթե նույնիսկ չկայանար եւ չխաղար, միեւնույն է` ցանկացած լրատվամիջոցի սպառնացող ցանկացած վտանգ մեզ պետք է անհանգստացնի` մանավանդ, երբ այդ վտանգի աղբյուրը ակնհայտորեն քաղաքական է եւ իշխանական: Լրատվամիջոցի ուղղությունը, ոճը, ֆինանսավորողը, իրավական եւ իրական սեփականատերերն այստեղ որեւէ նշանակություն չպիտի ունենան: Կան կայքեր, որոնք ակնհայտորեն արտահայտում են երկրորդ նախագահի տեսակետը, շատ էլ լավ են անում` իսկ ո՞վ ասաց, որ այդպիսի լրատվամիջոցներ չպիտի լինեն: Որքան բազմազան են արտահայտվող կարծիքները, այնքան լավ: Եվ այդ բազմազանությունը պաշտպանողը պետք է լինենք առաջին հերթին մենք` լրագրողներս”,-կարդում ենք “Առավոտ”-ի խմբագրականում: