«Տրամաբանությունից դուրս եւ ոչ իրավական պահանջներ». Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ԵԽ զեկույցին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում (ԵԽ) մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում Հայոց ցեղասպանությանն առնչվող հիշատակումների կապակցությամբ, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Բիլգիչի բնորոշմամաբ` նշյալ զեկույցում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ տեղ են գտել պատմական ճշմարտությունից և իրավական հիմնավորումներից զուրկ արտահայտություններ:
Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Այդ արտահայտությունները բոլոր տեսանկյուններից բավականաչափ խնդրահարույց են, և դրանք ափսոսանքով ենք ընդունում: Զեկույցն Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների համար ողբերգական ժամանակահատվածը մեկնաբանվում է ընտրովի արդարադատության զգացումով և միակողմանի մոտեցմամբ:
Տվյալ խնդրի հետ կապված մեր պետության մարդկային, ճշմարտացի և կառուցողական նախաձեռնություններն անտեսվում են, առաջ են քաշվում տրամաբանությունից դուրս և ոչ իրավական պահանջներ»:
Արտգործնախարարության խոսնակը ընդգծել է, որ տվյալ պատմական հարցը չիմացողները կամ դրանք քաղաքականության համար շահագործողները ոչ միայն վնասում են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, այլև խոչընդոտում են հայերի և թուրքերի` միասնաբար ապագա կառուցելու հավանականությանը:
«Մենք մեր եվրոպացի գործընկերներից ակնկալում ենք, որ կառուցողական մոտեցումից և անաչառ գիտական ուսումնասիրություններից խուսափող հայերին խրախուսեն լինել փոխզիջող և երկխոսող»,-ընդգծել է Բիլգիչը:
Հիշեցնենք, Եվրախորհրդարանի հանձնաժողովը վերոնշյալ զեկույցով Եվրամիության անդամ երկրներին կոչ էր արել ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: