Սերժ Սարգսյանը կմաքրի. գիտությունն էլ է կրիմինալ դաշտ մտնում/վիդեո/
«Խոսքը քրեական հանցագործության մասին է, որը պատժվում է քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին կետով: Գրագողությունը նույնպես հանցագործություն է և էտ մարդիկ պետք է պատժվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:
Գիտնականները զայրացած են, ասում են՝ ուրիշի մտքերը սեփականացնող մարդիկ համարվում են գիտնականներ և պետությունից ստանում են գումար, որին իրավամբ արժանի չեն: Նշանակում է պետությունը խրախուսո՞ւմ է գրագողերին:
Ամեն տարի գիտության պետական կոմիտեն ընտրում է հարյուր գիտնականներ, որոնց ցիտում են ամբողջ աշխարհում և խրախուսելու համար վճարում ամսական հարյուր հազար դրամ:
«Դրանց մեջ այս տարի հայտնվեցին գրագողեր, քրեական հանցագործներ, որոնք գիտության հետ ընդհանրապես կապ չունեն: Շատ էլ, որ ծանոթի ու բարեկամի միջոցով ամբիոնի վարիչ են դարձել: Հրանտ Ավանեսյանը և Ռուբեն Աղուզումցյանը»,-Սամվել Խուդոյանը անուններ տվեց:
Գիտնականները նամակով դիմել են ՀՀ նախագահին և խնդրել լուծում տալ այս հարցին:
«Գրագողը մեր համար լավ տղայա ու դրանով զբաղվում է ԲՈՀ-ը (բարձրագույն որակավորման հանձնաժողովը)»,-այսպիսի պատասխան են ստացել վրդոված գիտնականները գիտության կոմիտեից:
Դոկտոր- պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը նշեց, որ գիտական քաղաքականությունն այսօր տեղափոխվել է կրիմինալ դաշտ:
Գիտնականները հույս ունեն, որ նախագահի անմիջական մասնակցությամբ կմաքրվի այս դաշտը, ասում են՝ չեն լռելու: