Սրանից հետո

Եկեղեցին: Դա վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել եւ սպանել մեր ժողովրդի կամքը:
Սխալ է ըմբռնել եկեղեցին քրիստոնեական սիրո խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության:
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատություն ունի, ուժի բաժակը լցված է հորդելու, թափվելու աստիճան:
Արգասավոր չէ՛ թույլի սէրը:
Քծնանքն է թույլի ներումը:
Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր:
Նրա անձնական կյանքը պիտ դառնա Եկեղեցուն ուղեցույց:
Նրա մահվան խորհուրդը-հերոսական զոհաբերություն:
Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր:
Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:
Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես եւ զոհաբերության:
Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության-դիպվածների կը պարտի իր գոյությունը:
Քրիստոնյան նա՛ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոնեություն կա-մի կայծ ամենահզոր աստվածամարդու հոգուց:
Նա ամենակարողն էր, ամենահզոր-մենք առնվազն կարող եւ հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել:
Սխալվել, չարաչար սխալվել է մեր Եկեղեցին՝ «տնանկ»ների եւ «սնանկ»ների բարոյականություն քարոզելով:
Սրանից հետո սիրո եւ զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտ խոսի եկեղեցին, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում:
Ուժե՛ղ եւ արիակա՛ն ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ հանուն իր սեփական գոյության:
Այսպիսով կապրի ոչ միայն հայությունը, այլ եւ Հայոց եկեղեցին:
Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի-ահա Հայ եկեղեցու նոր հաւատամքը:
Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանության գործին-կործանւած է դա:
Գարեգին Նժդեհ