«Բեսպրիդելի» չանցնել. բուռն կրքեր ԱԺ-ում
_1424853602.jpg)
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը այսօր նախքան «Շահութահարկի մասին օրենքի» փոփոխությունների նախագծի քվեարկությունը հայտարարեց, որ առաջին ընթերցման քննարկման ժամանակ կառավարությունը չտվեց իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նշենք, որ օրենքով նախատեսվում է 50 միլիարդ դրամից ավել արտահանում ունեցող ընկերություններին արտոնություն տալ: Բիշարյանը նկատեց, որ այսօր 48-ժամյա ռեժիմով առաջարկում են քննարկել, սակայն իրենց հարցերի պատասխանը չի հնչել, թե ինչու է հիսուն միլիարդ դրամի շեմը սահմանվում և «ում ախորժակին են հագուրդ տալիս»:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ խոսքը վերաբերում է միայն արտահանմանը: «Վերջնական տեսքի որ կառավարությունը բերի, մենք ձեզ անպայման կներկայացնենք»,-նկատեց նա: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը հարցրեց, թե ինչու պիտի անպայման 48 ժամում քննարկեն օրենքը:
«Ինչո՞ւ եք այդքան շտապում, հանգիստ, նորմալ թողեք, քննարկենք, գնանք առաջ»: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը շեշտեց, որ այս օրենքը գերշահույթ է ապահովելու իշխանավորների համար և խոչընդոտելու է ՓՄՁ-ների գործունեությունը:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ արտոնությունները պետք է բոլորին տալ, և այս խնդիրը պետք է լուծել: «Եթե մյուսների համար սահմանափակում ես, նշանակում է, որ ոչ թե բարիք ես անում, այլ մյուսների հնարավորություններն ես սահմանափակում»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց.
«Մենք մտանք այս խնդրի բովանդակային քննարկման մեջ: Արտահանումն առանց այն էլ ունի արտոնություններ, որ սահմանափակված են օրենքով, և եթե ուզում եք, որ այդ տիպի առաջարկներ լինեն այդ դաշտում, քննարկենք այս օրենքը»:
Փոխխոսնակը նկատեց, որ անհավասարություն կլիներ եթե տարբեր չափի սահմանը դրվեր: «Մենք անում ենք բացառիկ արտոնություն, մենաշնորհման բան այստեղ չկա: Կարևորություն չկա, թե ով է անձը: Ուրիշ ժամանակ դուք եք անձի դեմ խոսում, անձի խնդիր չկա, ով կարողանում է, թող անի»:
«Ես ձեզ հարգում եմ, տիկին Նաղդալյան, ասում էիք՝ ԵՏՄ մտնենք, ամեն ինչ լավ կլինի, հիմա տնտեսական ակտիվությունը նվազել է 33%-ով: Հիմա տիկին Նաղդալյան, փոխեք կամ ձեզ, կամ տնտեսությունը»,-նշեց Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ նախագահը հորդորեց բանավեճի չենթարկել այս հարցի քննարկումը, «բեսպրիդելի» չանցնել: «Որ ժամանակը գա, երկուսն էլ կփոխվեն»,-ասաց Սահակյանը: Որոշումն ընդունվեց 64 կողմ, հինգ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով: Լևոն Զուրաբյանն էլ պահանջեց քսան րոպե ընդմիջում նախքան հաջորդ հարցի քվեարկությունը: