Սերժ Սարգսյանի ժամանակ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ ՌԴ արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իշխանության կողմից բազմիցս շահարկված թեմային՝ Սերժ Սարգսյանի թողած «բանակցային ժառանգության» մասին։
«Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար:
Խոսքը Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է:
Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը),
եթե`
չքանդվեր Հայաստանի բանակցային խրամատը,
չկազմալուծվեր բանակը,
չլիներ, որպես այդ ամենի հետևանք, 44-օրյա պատերազմի պարտությունը:
Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:
Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:
Եվ այսպես:
1. 2013 թվականի կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ՄԽ համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1)
2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2)
Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին:
3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նկար էլ չկա):
Ի մի բերելով այս վերլուծությունը՝ փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։
Իսկ Նիկոլի ժամանակ այն նույնպես այլևս գոյություն չունի»,- գրել է Արմեն Աշոտյանը՝ հրապարակելով վերը նշված փաստաթղթերի լուսանկարները: