Ովքեր են ուղղորդում Ծառուկյանին /վիդեո/
“Այսօր այլընտրանք հայտարարած քաղաքական ուժի առաջնորդի ոչ ինքնուրույնությունն օգտագործում են,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանը:
-Այսօր ինքը չի որոշում, և ուզում են իրենց վաղեմի, դեռ կարոտախտ ունենալու ցանկություններն իրագործել կամ իրենց չարությունը շատ ակտիվ արտահայտել”: Ում նկատի ունի Բաղդասարյանը: Իր բոլոր խորհրդատուներին, ասաց:
Արձագանքելով “եռյակի” տեսակետին, թե ՀՀԿ-ն է սրել իրավիճակը երկրում, հետևաբար իշխող ուժն է պատասխանատու հետագա բոլոր իրադարձությունների համար՝ Բաղդասարյանն ասաց. “Մենք ենք իշխանությունը, և մենք ենք պատասխանատվություն կրում:
Ինչ մնում է սրելուն, այդ մասին պետք է լռեն բոլորը, որովհետև գիտեն՝ ինչ հնարավորություններ են տրվել, ինչ բանակցություններ են եղել, և ընդառաջ է գնացել իշխանությունն այդ խնդրանքներին, բայց երբ խաղի կանոններն անընդհատ խախտում են՝ օգտվելով “քաղաքականությունն անբարոյականություն է” կոչից, մեզ համար ընդունելի չէ այդ տարբերակը, և վերջ ի վերջո բոլոր շանսերը թողնվել են”:
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ Ծառուկյանը պետք է ինքնուրույն քայլեր կատարի. “Ինքը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ նպատակ չունի: Մեր նախագահը ուժեղ է: Մենք իր կողքին ենք, բայց հանկարծ ընկնում է մեկ այլ շրջապատ իր խորհրդատուների և լրիվ այլ հայտարարություն է անում: Ես ցավում եմ, որ նա կորցրել է ինքնուրույնությունը, և կարող է հանկարծ մի օր իր նկարը լինի և իր վերջնագրի համար մի տեքստ ու ժպտալով այդ տեսքտը ընթերցի, ու երկու օր հետո հասկանա, որ դա իր վերջնագիրն էր: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ իրենց վնասեն այդ քայլերով, և դա ինքը պետք է գիտակցի ու իր խորհրդատուները”:
Ինչ վերաբերում է հաջորդ քառօրյան “եռյակի” կողմից բոյկոտելու հնարավորությանն, ապա Բաղդասարյանը չի կարծում, որ նման ոչ խոհեմ քայլ կկատարեն, հիշեց, որ մի քանի անգամ բոյկոտել են Աժ նիստերը, սակայն բնականոն գործունեությունը չի խաթարվել:
“Ես չէի ցանկանա, որ նման բան լիներ, որովհետև հետո պիտի ասեն, որ մնացել են մենակ իրենք ու սկսում են օրենքները դակել: Դա ցանկալի երևույթ չէ, և չեմ կարծում, որ քաղաքական ուժերը նման որոշում կկայացնեն”:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: