«Միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը». Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրքի շնորհանդեսից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
Լրագրողները հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանի՝ 5-րդ շարասյան վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասին, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, քանի որ գործել է 5-րդ շարասյուն։
«Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Միգուցե ինչ-որ տեղ նա ճիշտ է ասում, միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը, եթե այդքան մանրամասն տեղյակ է՝ բնական է»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որ 5-րդ շարասյանն ուղղորդում են դրսից, Սերժ Սարգսյանը նախ լրագրողներից հետաքրքրվեց, թե Պաշտպանության ո՞ր նախարարն է նման բան ասել, հավելելով՝ այնքան նախարար է փոխվել, որ դժվարանում է ասել։
«Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի աղմուկ հայտարարություններ չէր կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենց կյանքում 5-րդ շարասյուն չեն անվանի, ուրիշ մարդկանց չգիտեմ դրսից կառավարվող»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան
168.am