23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, արցախահայության հիմնական ու ամենատարրական իրավունքները խախտված են, սակայն միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հումանիտար ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ տարբեր միջազգային սուբյեկտների կողմից Ադրբեջանին ուղղված հայտարարություններ և կոչեր են հնչում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, սակայն դրանք առանց պարտադրող գործիքակազմի այդպես էլ մնում են դեկլարատիվ մակարդակում։

Անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որը հայտնի է նաև Հաագայի դատարան անվանումով, բավարարեց Հայաստանի առանցքային պահանջը` կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ, և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Իսկ դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ շեշտեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, այլև մտադիր էլ չէ կատարել ու այն մեկնաբանում է այնպես, ինչպես միայն իրեն է ձեռնտու։

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցներն ի վիճակի չեն համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից իրագործվող մյուս հանցագործություններին՝ գերիների ու քաղաքացիական բնակչության սպանություններից ու խոշտանգումներից սկսած, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով վերջացրած։ Նույնիսկ որևէ վճռական արձագանք չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային պատշաճ կերպով արձագանքելու վերաբերյալ։ Ավելին՝ Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմին պատժամիջոցների թիրախ դարձնելու փոխարեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն Ալիևին համարում են վստահելի գործընկեր ու խնդրում են, որ ավելացնի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։

Արդյունքում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքների բոլոր նորմերը, սակայն դրանք ոչ մի հետևանք չեն ունենում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար հեղինակազրկվում են միջազգային ուժային կենտրոնները, մասնավորաբար Հաագայի դատարանը, որի որոշումը, փաստորեն, գրոշի արժեք անգամ չունեցավ, ավելին՝ չկատարման համար ոչ մի պատժամիջոց չհետևեց: Հիմա էլ հերթական որոշումն է ընդունվել, որը, հասկանալի է, որ նորից կյանքի չի կոչվելու: Դա պարզ էր ի սկզբանե: Խոսքն այն մասին է, որ Հաագայի դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու սանկցիա է ուղարկել: Ռուսաստանի նախագահն արժանի է այդպիսի որոշման, թե ոչ, այլ հարց է: Այլ հարց է նաև այն, թե որքանով է նա ավելի մեծ հանցագործություններ կատարել (ինչպես գնահատում են արևմուտքում), քան ահաբեկչական երկրի ղեկավար Ալիևը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի էլ ճանաչում Միջազգային քրեական դատարանն ու նրա իրավազորությունը։ Արդյունքում այս որոշումը շատերի շրջանում պարզապես ծիծաղի առիթ է տվել: Սակայն վերադառնանք մեր «ոչխարներին»: Ուշագրավ է, որ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը հայտարարում է, թե Պուտինը Գերմանիա այցելության դեպքում անմիջապես կձերբակալվի, իսկ նույն Գերմանիայում Ալիևին շատ բարձր մակարդակով են ընդունում ու հատուկ շեշտում Ադրբեջանի առանցքային նշանակությունը էներգակիրների մատակարարման հարցում։ Ադրբեջանի նախագահն իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ոչ միայն Գերմանիայի ղեկավարության, այլև գերմանական բիզնեսի պատկառելի թվով ներկայացուցիչների հետ այն դեպքում, երբ գործ ունենք ակնհայտ հանցագործի հետ, ինչն ինքն էլ չի թաքցնում՝ բարձրաձայնելով իր ահաբեկչական ու հանցագործ մտադրությունների մասին։

Մի խոսքով, միջազգային իրավունքը չի գործում, կամ եթե ինչ-որ կերպ դեռ գործում է, ապա հատվածական, երկակի, եռակի, քառակի ստանդարտներով, իսկ միջազգային կարևոր ինստիտուտները, այդ թվում՝ արդարադատության միջազգային մարմինները դեգրադացվել են և հեղինակազրկվել, դրա համար էլ ըստ անհրաժեշտության չեն կարողանում ազդել միջազգային գործընթացների և իրավախախտումների վրա։ Սա ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը կարգավորող նորմերի էրոզիայի արդյունք է, որը ճանապարհ է բացում այնպիսի միջազգային հանցագործությունների իրականացման համար, ինչպիսիք են, օրինակ, էթնիկ զտումները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ցեղասպանությունը։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում, և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ