Լայն փակված բերանով… խիղճը՝ ծակ գրպանից ընկած. «Փաստ»
Մինչ իշխանական ու ընդդիմադիր, առհասարակ՝ «ֆեյսբուքաբնակ» հայրենակիցները, ով ինչպես կարող է, «Համմեր» էին «քշում», փաստաբանները հանդես էին գալիս ասուլիսով, որի առիթը ոչ թե սոսկ աղմկահարույց է, այլև արտառոց: Չնայած փաշինյանական իշխանության «նոր Հայաստանում» արտառոց բնորոշումն էլ արդեն մի տեսակ առօրեականացվել է: Մի պահ պատկերացնենք նույն իրադարձությունը, որ տեղի է ունեցել, օրինակ՝ մի 5-6 տարի առաջ, կամ, ընդհանրապես, «նախկինների» ժամանակ: Չենք ասում, թե դա հնարավոր չէր: Ամենևին: Ուղղակի առաջարկում ենք նույն վիճակը մտովի տեղափոխել անցյալ:
Լավ, եթե կուզեք՝ թեկուզ ամեն մեկդ հիշեք մի այդպիսի դրվագ: Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի՜ աղմուկ-աղաղակ կլիներ բոլոր լրատվամիջոցներում, չհաշված արդեն այլազան գրանտային ու գրանտամերձ իրավապաշտպան կամ որպես այդպիսին ներկայացող ՀԿների ներկայացուցիչներին, որ էլ ասելու չէ: Լո՛ւրջ: Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, ինչպես հայտարարվեց հիշյալ ասուլիսում, ոստիկանական բաժանմունքում, տվյալ դեպքում խոսքն Էրեբունու ոստիկանական բաժանմունքի մասին է, օրերս ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել:
Ըստ որում, դատելով ներկայացված մանրամասնություններից, փաստաբանների վրա հարձակվել են բաժանմունքում գտնվող մի ամբողջ խումբ ոստիկաններ: «Ժողովրդավարական բաստիո՜ն» մի ասա, «ժողովրդավարության վերջնագագաթ» ասա… Ավելին, փաստաբանները նշյալ բաժանմունքում հայտնվել էին անչափահաս մի քաղաքացու շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, մինչդեռ հենց իրենք են ոստիկանական բռնության թիրախ դարձել: Հարկավ, դեռ քննություն պետք է որ լինի: Ըստ որում, ամենևին չենք զարմանա, եթե վաղը-մյուս օրը հայտարարեն, թե այդ փաստաբաններն են հարձակվել իրավապահների վրա: Թեպետ, ինչո՞ւ սպասել վաղվան, եթե արդեն նման ակնարկներ արվում են: Մի երկրում, որտեղ ոստիկանները «Եռաբլուր» պանթեոնում խմբով վրա են տալիս զոհվածների ծնողների ու հարազատների վրա, ցուցադրաբար բռնի ու դաժան վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, իսկ հետո բռնության ենթարկվածների դեմ են «գործ» կարում, մի՞թե արժե զարմանալ, որ ոստիկանական բաժանմունքում կարող են խմբակային ծեծի ենթարկել փաստաբաններին, իսկ հետո դա ներկայացնել որպես… ոստիկանների վրա հարձակում (օրինակի համար):
Ի դեպ, այնքան էլ վաղուց չէր, ընդամենը 2022-ի նոյեմբերին, երբ հանրությանը հայտնի դարձան հենաշարժողական խնդիրներ ունեցող արվեստագետ Էդուարդ Վանսքեհյանի նկատմամբ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի մանրամասնությունները: Մամուլը, այդ թվում նաև «Փաստը», ներկայացրել է որոշակի մանրամասներ: Այն ժամանակ հրապարակումներում նշվում էր, որ տեղաշարժվելու ակնհայտ խնդիրներ ունեցող մարդուն ոչ միայն կոպտորեն ձեռնաշղթայել էին ոստիկանները, այլև «քարշ էին տվել» Արաբկիրի բաժանմունք, որտեղ նրա նկատմամբ այնպիսի բռնություն էին գործադրել, որ մարդը վերակենդանացման բաժանմունքում էր հայտնվել: Մյուս կողմից՝ պատերազմում զոհվածների հարազատներին, ծնողներին բռնության ենթարկելը ոստիկանական համազգեստով հանդես եկողների դեպքում այնպիսի՜ հատակ («дно») է, որ դրանից ցածր ընկնելու համար երևի պետք է, որ նրանք սկսեն օրը ցերեկով, հենց այնպես, «հավեսի համար» սպանել խաղաղ բնակիչներին… Կամ… Վարչապետին ուղեկցող ավտոշարասյան «հատուկ» մեքենան օրը ցերեկով երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելով սպանում է, իսկ դրա համար ոչ մեկը պատասխանատվության, փաստորեն, չի ենթարկվում:
Կամ… Փաշինյանական իշխանության այս 4-5 տարվա ընթացքում առնվազն երկու կալանավոր բանտում մահանում է հացադուլի հետևանքով: Փաշինյանական իշխանության քմահաճույքով քրեական հետապնդում է իրականացվում ռեժիսոր Արմեն Գրիգորյանի նկատմամբ ու մարդը մահանում է դատարանի դահլիճում: Գործնականում՝ սպանում են մարդուն… Ցանկը երկար է ու ցավոտ… Հիմա՝ հարց: Չէ, ոչ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ նրա իրավապահներին: Այլոց… Ո՞ւր են բոլոր այն, կներեք, այսպես կոչված, «իրավապաշտպան» ՀԿ-ները, ո՞ւր են նախկինում ամեն մի միջադեպ մատի փաթաթան դարձնող ու աղմուկ-աղաղակ բարձրացնող գրանտային ու չգրանտային հկիստները, ակտիվիստները, չգիտեմինչիստները: «Ո՞ւր են, ո՞ւր են…,- դառը քմծիծաղով կարձագանքի լավատեղյակ հայրենակիցն ու կհավելի,- իշխանության միջանցքներում, Փաշինյանի գրպաններում փնտրեք նրանց»:
Այսինքն՝ ի՞նչ: Նախկինում այդ «իրավապաշտպանների» աղմկարարության իրական նպատակը բացառապես անուն հանելն ու գրանտներ ստանալն արդարացնե՞լն էր: Չէ, մենք հասկանում ենք, որ մարդիկ փող են աշխատում, «վայիս» չենք լինում: Ուղղակի չափազանց բացահայտ են ի ցույց դնում, որ իրենք սոսկ իշխանափոխության շահառուներ են: Փաստորեն, այդ տարբերա՞կն է մնում՝ ելնելով այն իրողությունից, որ վերջին տարիների բոլոր խայտառակ իրավախախտումների, մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարումների, բացահայտ ապօրինությունների դեպքում հիշյալ գրանտային «իրավապաշտպանները» հանդես են գալիս լայն փակված բերաններով… իսկ խիղճը (եթե ունեցել են)՝ ծակ գրպաններից ընկած: Չնայած, նրանց գրպանները ոնց որ այլևս այդքան էլ ծակ չեն, մեղմ ասած: