Ասողին լսող է պետք. Ռուստամյանը՝ Ծառուկյանին

՛՛Հետաքրքիրն այն է, որ այն, ինչ հրապարակավ ասում են, այդ ամենը ՛՛Դաշնակցությունը՛՛ հայտարարել է, ելույթի հետ կապված կարող եմ բառ առ բառ ասել, թե ՛՛Դաշնակցությունը՛՛ երբվանից էր սկսել այդ գնահատականները հնչեցնել՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ մեկնաբանելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փետրվարի 4-ի ուղերձը:
Ռուստամյանը նշեց, որ երբ ՛՛Դաշնակցությունը՛՛ դուրս եկավ կոալիցիայից, ինքն ասել է, որ ՛՛Դաշնակցությունը՛՛ ցանկանում է ձևավորել նոր որակի իշխանություն: ՛՛Մենք իսկապես խոսել ենք ու վաղուց ենք խոսում նոր որակի իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին: Ուրախ եմ, որ գնահատականն այն է, որ պատճառների պատճառը քաղաքական մենաշնորհն է:
Մենք բազմիցս ենք խոսել այս մասին: Հիմա ասում են՝ ասողին լսող է պետք, մենք այսքան ասում ենք, մեզ չեն լսում, հիմա պարզվում է՝ նոր խնդիրներ են առաջացել, որոնց վերաբերյալ ՛՛Դաշնակցությունը՛՛ պիտի տեսակետ հայտնի՛՛,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը:
Ռուստամյանն անհասականալի է համարում այն, որ ԲՀԿ առաջնորդն ասում է պետք է արդյունավետ կառավարման համակարգ, մյուս կողմից էլ ասում է՝ չի կարելի կառավարման մոդելը փոխել, քանի որ պատերազմող երկիր ենք:
՛՛Այդ պատերազմը նոր իշխանությունների ժամանակ դժվար թե վերջացած լինի: Նո՞ր ենք հիշել, որ այդ պատերազմը կարող է խոչընդոտի, որ համակարգը փոխվի: Բա մինչև հիմա ի՞նչի էին կողմ կառավարման համակարգի փոփոխությանը: Մեզ ամար անորոշ է մնում՝ ինչ է ի վերջո առաջարկվում անել՛՛,-նկատեց նա:
Ռուստամյանը ողջունելի է համարում Ծառուկյանի հայտարարությունը, թե իշխանափոխությունը մարդափոխությամբ չպիտի ավարտվի: ՛՛Մենք էլ ենք դա ասում, իշխանափոխությունը, որպեսզի ժողովրդի շահերին ծառայի, պետք է լինի ամբողջական՛՛:
Նրա համոզմամբ` ճիշտ կլիներ, որ քաղաքական ուժերը միասին նստեին ու ներկայացնեին ժողովրդին ծրագիր, թե որից հետո որ քայլը պետք է լինի, որպեսզի նորից չհայտնվենք անորոշության դաշտում: ՛՛Կեղծ է այն կարծիքը, որ երկրում Ընտրական օրենսգիրք փոխելով՝ ամեն ինչ կշտկվի՛՛: