Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:
յցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:
Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր:
ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է.
«Ուրախ եմ, որ այսօր՝ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն եւ հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է եւ անչափելի:
Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:
Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին եւ միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:
Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները: