Կովկասի գերին: Ինչու էս խառը պահին Նիկոլը գնաց Իրան. Իրավունք
Սոչիի եռակողմ հայտարարությունները դեռ հազիվ էին ներկայացվել, որ Հայաստանում սկսվեց գնահատականների ալիքը: Գերիշխողը տրտնջոցներն էին, այդ թվում, որ այդ հայտարարության մեջ ոչինչ ասված չէր Արցախի մասին, ռազմագերիների եւ այլն:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՊՈՒՏԻՆԸ
Ռազմագերիների մասով, իհարկե, դժգոհությունը տեղին էր: Բայց ինչ վերաբերում է Արցախին, ապա չմոռանանք, որ նախորդ եռակողմ հայտարարություններում եւս այդ մասին գործնականում ոչինչ չկա: Ու մեծ հարց է, թե Հայաստանի (Նիկոլին նկատի չունենք) եւ Արցախի համար ո՞րն է ավելի լավ, Ղարաբաղի մասին խոսե՞լը, թե՝ չխոսելը: Փորձենք հասկանալ, եթե խոսվեր, դա ի՞նչ տեսք կարող էր ունենալ: Որեւէ մեկը կարո՞ղ է հույս ունենալ, որ նման փաստաթղթում բացահայտ կարող է խոսվել Արցախի անկախության կամ ինքնորոշման իրավունքի մասին. նման սպասելինքն առնվազն անլուրջ կլիներ: Գումարած դրան, երբ հաշվի ենք առնում այն, որ Ալիեւն անգամ Սոչիում էր հայտարարում, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, իսկ Նիկոլը մի կողմից քանիցս հրապարակավ ասել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է, նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանները պետք է գծվեն 1991թ. դրությամբ, ուրեմն ի՞նչ կարող էր ասվել այդ փաստաթղթում Արցախի մասին: Որ այն Ադրբեջանի կազմո՞ւմ է, որ անգամ Հայաստա՞նը չի ճանաչել Արցախի անկախությունը:
Չնայած, թեեւ նոր հռչակագրում Արցախի անունն ուղղակիորեն չկա, սակայն փորձենք հասկանալ՝ տողատակերում էլ այդպե՞ս է: Բայց նախ ֆիքսենք մեկ դրվագ, որը հանդիպմանը հաջորդած ասուլիսում ներկայացրեց Պուտինը: «Խաղաղության պայմանագիր դեռ չկա: Եվ այստեղ դեռ ժամանակավրեպ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա դեռ կոմպրոմիսների առարկա է, որոնք պետք է ձեռք բերվեն երկու կողմից էլ: Կա որոշակի տպավորություն, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնված է, եւ եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք եթե ոչ պայմանավորվածություններ, ապա առնվազն ֆոն, որ այդ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն»:
Կարճ ասած, որ փաստաթղթի էությունը հասկանալու համար պետք է ոչ միայն դրա տեքստին նայել, այլ որ միգուցե ավելի էական է, տողատակերին:
ԻՆՉ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ ՍՈՉԻՈՒՄ
Այսպիսով, ո՞րն է Սոչիի եռակողմ հայտարարության հիմնական իմաստը: Նախ, սրանով վերահաստատեցին նախորդ եռակողմ հայտարարությունները, ավելին, որ պարտավորվում են «խստորեն պահպանել այս բոլոր պայմանավորվածությունները» եւ դրանք ավատրական տեսքի հասցնելու եւ մյուս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է «լրացուցիչ ջանքեր գործադրել»: Օրինակ, երբ Նիկոլը մինչ Սոչի գնալը սեփական մեկնաբանությունն էր տալիս ճանապարհների վերագործարկման եւ դրանց նկատմամբ վերահսկողության հարցերին, ապա հիմա պետք է նորից նայի, թե այդ մասին ինչ է ասված նախորդ եռակողմ պայմանավորվածություններում եւ «լրացուցիչ ջանքեր գործադրի» այդ ուղղությամբ:
Հաջորդ պայմանավորվածությունը վերաբերում է սահմանային բախումներին, եւ այս առնչությամբ կա պայմանավորվածություն, որը նախորդ եռակողմ պայմանավորվածություններում հստակ չէ: Այն է՝ «Զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի»: Կարճ ասած, պետք է իրականացնել սահմանազատում ԽՍՀՄ-ի ժամանակների սահմաններով, որի քարտեզները, ինչպես եւս մեկ անգամ հիշեցրեց Պուտինը, Մոսկվայում են:
Սրան էլ հաջորդում է «խաղաղության պայմանագրի» թեման, որի հետ կապված հատուկ ընդգծված է «ակտիվ նախապատրաստման կարեւորությունը»: Նաեւ հաշվի առնելով, որ կա «փոխընդունելի լուծումների որոնման» անհրաժեշտություն, որի հետ կապված՝ «Ռուսաստանի Դաշնությունը դրան կցուցաբերի հնարավոր բոլոր օգնությունները»: Իսկ մինչ այդ, կա նաեւ «դրական մթնոլորտի ձեւավորման» անհրաժեշտություն, ընդհուպ՝ «Ռուսաստանի աջակցությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների եւ կրոնական առաջնորդների միջեւ երկխոսության», ապա նաեւ՝ «Միջխորհրդարանական եռակողմ շփումների» միջոցով: Այն, որ կա «փոխընդունելի լուծումների որոնման» անհրաժեշտություն, դա նշանակում է հետեւյալը. մինչեւ իսկ Ալիեւն է ընդունել, որ այնպես չէ, որ ինչ-որ 5 կետ են «դեմ տվել» Նիկոլին եւ պարտադրում են դրանց հիման վրա այսօր-վաղը «խաղաղության պայմանագիր» ստորագրել, ինչի մասին Ալիեւը հիշեցրեց նաեւ Սոչիում, եւ որը, չմոռանանք, Վաշինգտոնի «խաղաղության պայմանագրի» իմաստն է: Այսինքն, կան խնդիրներ, որոնց լուծումը, հիշեցնենք, Պուտինը տեսնում է երկկողմ կոմպրոմիսային զիջումների միջոցով: Իսկ եթե իրատեսորեն նայենք այս ամենին, ապա միակ դրվագը, որի շուրջ ի սկզբանե է եղել անհամաձայնություն, դա Արցախն է՝ դրա կարգավիճակով հանդերձ: Այսպիսով, միայն այն, որ Ալիեւն ու Նիկոլը «ստորագրենք՝ վերջացնենք» մոտեցման փոխարեն հիմա թուղթ են ստորագրում, թե կա «փոխընդունելի լուծումների որոնման» անհրաժեշտություն, արդեն իսկ խոսում է այն մասին, որ թեեւ նոր եռակողմ հայտարարության մեջ բացակայում է «Արցախ» տերմինը, սակայն ողջ էությունը հենց Արցախի մասին է: Կրկնենք, այն շեշտադրմամբ, որ լուծելու խնդիր կա:
Ընդ որում, անուղղակիորեն այս մասին է խոսում նաեւ հայտարարության առանցքային կետերից մեկը, ըստ որի՝ ռուսական խաղաղապահ զորախումբը նախ ունեցել է «առանցքային ներդրում», բացի այն, կա «տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա (զորախմբի- հեղ.) ջանքերի պահանջվածությունը»: Այսինքն, եթե կա զորախմբի կարիքը, ապա նշանակում է, որ Ալիեւի ասածի պես՝ արցախյան հարցն ամենեւին էլ լուծված-վերջացած չէ: Թերեւս հենց սա էլ Պուտինի ասած այն «ֆոնն է», որը հուշում է, որ, այնուամենայնիվ, «պայմանավորվածությունները ձեռք կբերվեն»: Նկատի ունենք հետեւյալը:
ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԱԼԻԵՎԻՑ ԵՎ ՆԻԿՈԼԻՑ
Այսպես, թեեւ Նիկոլն առաջարկում էր ռուսական զորախմբի ներկայության համար սահմանել մինչեւ 20 տարվա ժամկետ, եւ այդ հարցը, ինչպես Պուտինը նշեց, քննարկվել է, սակայն խնդիրն այլ է: ՌԴ-ին պե՞տք է ժամկետի ֆիքսում, երբ այս պահին ունեն Արցախում գտնվելու անժամկետ հիմքեր: Նախ, նոյեմբերի 9-ի համաձայնագրում 5-ամյա ժամկետը սահման չէ. որպեսզի դա մեխանիկորեն չերկարացվի, պետք է, որ Ադրբեջանը կամ Հայաստանը դեմ լինեն: Ու բոլորն են երեւի հասկանում, որ հեռանալու պաշտոնական պահանջ Մոսկվային կներկայացվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա պահել իր գոնե ներկայիս աշխարհաքաղաքական դիրքերը. այդ դեպքում անգամ այդ 5 տարվա ժամկետին չսպասելով, ռուսներին հեռանալու պահանջ կներկայացվի: Եթե ռուսները դիրքերը պահեն, հազիվ թե Բաքուն համարձակվի նման պահանջ ներկայացնել: Առավել եւս, որ ռուսները ստեղծեցին Արցախում անժամկետ ներկայացնելու մեկ այլ պատճառաբանություն. Արցախի ժողովուրդը նման խնդրանքով Սոչիի հանդիպման շեմին դիմեց ՌԴ-ին: Կարճ ասած, եթե ռուսներն ուժեղ լինեն, դիրքերը կպահեն, եթե թուլանան, նրանց պարզապես դուրս կմղեն, ու ոչ մի 10-20 տարվա ժամկետ սահմանելու կարիք էլ չկա:
Հաջորդը, Արցախի ժողովրդի նման խնդրանքը Սոչիի հանդիպման շեմի Ալիեւի համար եւս հերթական ազդակն էր, որ Արցախն իրենով անելու խնդիրը գտնվում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ հակամարտության գնալու հարթությունում: Այսինքն, որքան էլ ասես, թե «Ղարաբաղի խնդիր չկա», բան չի փոխվի, քանի որ փաստը, որ այնտեղ ռուսական զորքերն են, նշանակում է, որ նման խնդիր կա: Բան չի փոխվի նաեւ, եթե գրոհես Հայաստանի սահմանների վրա: Բան չի փոխվի նաեւ, եթե Նիկոլի հետ վաշինգտոններում եւ բրյուսելներում եւս մի շրջագայություն անցկացնես եւ «խաղաղության պայմանագիր» ստորագրես: Ավելի վատ, այս դեպքում ընդհանուր իրավիճակին սկսում է միջամտել նաեւ Իրանը:
Եվ այն, որ անձամբ եւ էմիսարների միջոցով բրյուսելներում եւ վաշինգտոններում երկար շրջապտույտներից հետո, այնուամենայնիվ, նորից Ռուսաստանի՝ Սոչիի ճանապարհը բռնեցին, հենց ասվածի մասին է վկայում:
Արդյունքում, Ալիեւին մնում է որոշել՝ գրոհո՞ւմ է ռուսների վրա, թե՞ փորձում է որոշակի ստատուս-քվո ֆիքսել, մինչեւ իրավիճակ կփոխվի: Ընդ որում, աչքի առաջ ունենալով հեռանկարը, որ իրավիճակ կարող է երկար տասնամյակներ չփոխվել: Դատելով Պուտինի հուշումից, թե՝ «պայմանավորվածությունները ձեռք կբերվեն», այն տպավորությունն է, որ Ալիեւը նախընտրում է երկրորդ տարբերակը:
Եթե այդպես է, ապա Նիկոլին էլ մնում էր Սոչիից մեկնել Թեհրան, թերեւս գիտակցելով, որ ՌԴ-Իրան առանցքից «թռնելու» տարբերակ չունի:
Չնայած, պետք չէ նաեւ բացառել, որ Ալիեւն ու Նիկոլը կփորձեն նորից շրջադարձ կատարել դեպի Վաշինգտոն: Սակայն դրա իմաստն է մնում անհասկանալի. ի վերջո, վաշինգտոնյան սցենարի վրա էին, սակայն այլ տարբերակ չտեսնելով, ստիպված եղան բռնել Սոչիի ճամփան:
ԻՆՉՈՒ ԷՍ ԽԱՌԸ ՊԱՀԻՆ ՆԻԿՈԼՆ ԻՐԱՆ ԳՆԱՑ
Սոչիի զարգացումների ֆոնին հետաքրքիր խոսակցություններ տարածվեցին նաեւ այն մասին, թե ինչու Նիկոլը հենց այս այցի շեմին որոշեց իր ձեռքը վերցնել ՔՊ-ի կառավարումը, ինչից նա մինչ այս «դեմոկրատաբար» խուսափում էր: Եվ ահա տարածվել է վարկած, որ ռուսական քաղաքական կուրսին տրված Նիկոլի «ջերմ երդումները» ոչ միայն ՔՊ-ի արեւմտամոլ թեւի, այլ նաեւ նրանց դրսի կուրատորների աչքին է լուրջ թվացել: Առավել եւս, որ Սոչի մեկնելուն զուգահեռ հայտարարվեց նաեւ դրան անմիջապես հաջորդող Թեհրան այցի մասին: Արդյունքում, արեւմտյան թեւում, համաձայն նույն վարկածի, ստեղծվում է տպավորություն, որ Նիկոլին կարող են վերջնականապես կորցնել: Իսկ դա Նիկոլի կարգի ծայրահեղ կասկածամիտ անձնավորությունը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել: Նույն վարկածի համաձայն, Նիկոլն իբր տեղեկացել է ՔՊ-ի արեւմտամոլ թեւի ծրագրերի մասին: Այն է, կուսակցության ղեկավար եւ ղեկավարող մարմնի մեծամասնություն սարքել յուրայիններին եւ, օգտվելով բացակայությունից, Նիկոլին հեռացնել կուսակցության շարքերից՝ «Պուտինի գործակալ» պիտակավորմամբ: Ու միաժամանակ, օգտվելով կուսակցության ներսում այդ ղեկավարող դերից, կազմակերպել ՔՊ-ական պատգամավորների կողմից Նիկոլի պաշտոնանկությունը: Ու եթե նաեւ դրան գումարվեր «Արեւմուտքը մեզ կօգնի»-ն, ապա ինչ կա որ, վատ ծրագիր չէր: Ու դրա դեմն էս գլխից առնելու համար էլ Սոչի մեկնելու շեմին Նիկոլն իր ձեռքը վերցրեց կուսակցության կառավարումը՝ ներկուսակցական հեղաշրջումը բացառելու համար:
Իրականությանը որքանով է համապատասխանում այս վարկածը, ժամանակը ցույց կտա: Սակայն մինչ այդ ֆիքսենք, որ նախ՝ Ռուսաստան, ապա՝ Իրան մեկնելը, երբ այդ երկու երկրները ներկա պահին ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են, որպես թշնամի, իրոք ակնարկում է, որ Նիկոլը «Հռոմի պապից ավելի ռուսամետ» ուղին է բռնել: Ամեն դեպքում, Վաշինգտոնում միանշանակ նման եզրակացության կգան, եթե միայն այս ամենը իրենց «դաբրոյով» չի արված: Սակայն այս դեպքում էլ դժվար է հասկանալ, թե հանուն ինչի՞ ամերիկացիները պետք է Նիկոլին «ընդգծված ռուսամետի» կերպարով օծելու խաղ սարքեին, երբ նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումը, խոշոր հաշվով, որոշիչ չէ տարածաշրջանային գործընթացներում, այդ թվում՝ Արցախից ռուսական զորքերին հեռացնելու գերխնդրի լուծման հետ կապված:
Այսպիսով, Նիկոլն իրականո՞ւմ է սկսել ակտիվ աշխատել ՌԴ-Հայաստան-Իրան առանցքի ուղղությամբ, թե՞ այստեղ ինչ-որ խաղ կա: Հասկանալի է, երբ խոսում ենք Նիկոլի նախասիրություններից, դժվար է վերջնական ինչ-որ բան ասել, քանի որ այդ նախասիրությունները կարող են շատ արագ՝ 180 աստիճանով շրջվել: Սակայն փորձենք առաջնորդվել ներկա իրավիճակով: Նաեւ այն տրամաբանությամբ, որ եթե Թեհրան Նիկոլի այցը գործնական իմաստ ունենա, ապա դա կարող է որոշակի հետեւությունների տեղիք տալ:
Ու, ըստ ամենայնի, այդ գործնական իմաստն այս դեպքում կա: Այսպես, կարծես թե այս այցի հիմնական շեշտադրումը լինելու է Իրանից՝ Հայաստան ճանապարհի թեման: Խոսքը այն ուղու մասին է, որը Քաջարանից ուղիղ կապվում է Սիսիանի հետ, այսինքն՝ առավելագույնս հեռու է մնում ադրբեջանական սահմանից: Եվ ահա այս խնդրի հետ կապված եղավ հաղորդագրություն, թե Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են համագործակցել ճանապարհների, թունելների, բնակելի շենքերի եւ այլ ենթակառուցվածքների կառուցման շուրջ, հաղորդում է ISNA-ն:
Խոսքը մասնավորապես «Հյուսիս-Հարավ» միջանցքի նշված ճանապարհահատվածի մասին է, եւ իրանական աղբյուրներն այդ կապակցությամբ տեղեկացնում են, որ աշխատանքների մեջ կներգրավվեն նաեւ Իրանի ճանապարհաշինական ընկերությունները: Այդ թվում, արդեն 2023 թվականի գարնանը Քաջարանի հատվածում կսկսեն 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցումը:
Ահա այս ֆոնին նաեւ նկատենք, որ ՌԴ-ն էլ իր հերթին է սկսել Իրանում մասշտաբային ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ նավթագազային հատվածում: Ընդ որում, այս գործընթացները շարունակում են գնալով աճող մտահոգություններ առաջացնել Վաշինգտոնում, եւ երբ այս ֆոնին Նիկոլն է սկսում «Հյուսիս-Հարավի» ուղղությամբ քայլերի գնալ, որոնք արդեն 4 տարի համառորեն արգելափակում էր, ապա այս ֆոնը կարծես թե իրոք խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է փոխվել:
Քերոբ Սարգսյան