«Ղալաթ կանի, նման բան չի կարող ինքն անել, դա կպայթեցնի տարածաշրջանը». Արտակ Զաքարյան
Պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբին ԵԱՀԿ մանդատ տրվի, պետք է նաև ստիպել Ադրբեջանին, որպեսզի ստորագրի ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա արձանագրմամբ՝ Ռուսաստանը պետք է ստանա միջազգային թույլտվություն՝ իր խաղաղապահ առաքելությունն իրացնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ է ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ ստորագրի խաղաղապահների մանդատը, որպեսզի վերջիններս լիարժեք իրացնեն իրենց գործունեությունը.
«Խաղաղապահների մանդատը Ադրբեջանը չի ստորագրում , որպեսզի հետագայում խնդիրներ ստեղծի, իսկ որպեսզի ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունները լիարժեք իրացնեն, առաջին հերթին Հայաստանում պետք է ազգային ու հայրենասիրական ուժեր լինեն, ոչ թե դավաճաններ: Եթե մեր իշխանությունները դավաճան են, ես բարոյական իրավունք ունե՞մ օտար երկրի զինված ուժերին ինչ-որ հարցում մեղադրել, եթե Հայաստանում նորմալ իշխանություն լինի, ռուս խաղաղապահ առաքելությունը փայլուն կկատարի իր գործունեությունը»,-ասաց Զաքարյանը:
Կառավարության երեկվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտել:
Մեր դիտարկմանը, արդյո՞ք նա սրանով չէր ակնարկում, որ Արցախում, բացի ռուս խաղաղապահներից նաև այլ խաղաղապահ զորախումբ պետք է տեղակայվի, օրինակ` Մակ-ի, ինչի մասին նախկինում ևս ակնարկներ եղել են, Արտակ Զաքարյանն արձագանքեց.
«Ղալաթ կանի, նման բան չի կարող ինքն անել, դա կպայթեցնի տարածաշրջանը»:
Զրուցակիցը նկատում է՝ Արցախում ցանկացած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները սլաքներն ուղղում են ռուս խաղաղապահների կողմը։
«Այսպիսով` իրենք թուրքերի շահն են սպասարկում, միայն թուրքերին է ձեռք տալիս, որ հայ ժողովուրդը սկսի ռուսներին ատել, որպեսզի հետո հանգիստ թուրքերը մորթեն հայերին»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Անդրադառնալով կառավարության նիստին Փաշինյանի հնչեցրած մեկ այլ հայտարարությանը, որ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը և Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ապա Արցախի ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա, Արտակ Զաքարյանը նկատում է.
«Սրանով նա հիմք է ստեղծում, որպեսզի Արցախի ՊԲ-ն լուծարի, զորքերը հանի Արցախից, զենք չտրամադրի ու չֆինանսավորի, հետո էլ ասի-ռուսներն են արել»: