Դինքի նման հայորդիներ ծնվում են 100 տարին մեկ անգամ
8 տարի առաջ Թուրքիայում սպանված “Ակoս” թերթի խմբագիր Հրանտ Դինքը ամեն ինչ անում էր գիտակցաբար ու իշխանության հետ խաղում էր գրագետ: Նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ եւ Հրանտի մանկության ընկեր Սարգիս Հացպանյանը՝ ընդգծելով, որ Հրանտի նման հայորդիներ ծնվում են 100 տարին մեկ անգամ:
“Ութ տարի առաջ եւ այսօր բավական բան է փոխվել Թուրքիայում, անփոփոխ միակ բանը իշխանությունն է: Հրանտ Դինքը իր կենդանության օրոք ողջունել էր ներկայիս իշխանությանը ու ասել էր, որ շատ լավ է, որ իսլամական կրոն ունեցող մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում, քան իրենց կրոնով, որովհետեւ երբ կրոնով են զբաղվում ֆանատիկ դրսեւորում է լինում:
Բայց հետաքրքիր է, որ հենց այս իշխանության օրոք եղավ Դինքի սպանությունը, որովհետեւ միայն այս իշխանության օրոք էր, որ այլազգիները, այլ կրոն ունեցող մարդիկ շունչ քաշեցին”,-ասաց նա:
Հրանտ Դինքն ավելի շատ մտահոգ էր այն հարցով, որ թուրք երիտասարդները գրեթե ոչինչ չգիտեն հայկական հարցի մասին եւ իր հրապարակումները հիմնականում ուղղում էր հենց նրանց գիտակցության բարձրացմանը:
“Նա ասում էր, որ Հայաստանում ապրող հայերի մոտեցմամբ չէ, որ հարցը կարող է լուծվել, ասում էր՝ “ինձ չի հետաքրքրում, թե որ երկիրը կընդունի Հայոց ցեղասպանությունը, մեզ պետք է Թուրքիան ընդունի, մենք նրանց հետ պետք է նստենք, խոսենք, բայց մենք թողել ենք գնացել ենք ԱՄՆ ու այլ երկրներ: Իրենք գիտեն, որ Թուրքիան մեզ սպանել է, բայց դրանից ինչ օգուտ””,-ավելացրեց նա։