23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քողարկված վախերն ու չքողարկված խանդը. «Փաստ»

Գործող իշխանական համակարգն իր գործունեության ողջ ընթացքում ցույց է տվել, որ կառուցված է մեկ անձի առանցքի շուրջ, և այդ անձը Փաշինյանն է։ Եվ եթե Փաշինյանը վարչապետի պաշտոնում չլինի, ապա ողջ իշխանական ուժը մեկ ժամում կփլուզվի։ Իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակները գործի է դրել, որպեսզի իր թիմի ներկայացուցիչները հանկարծ դուրս չգան «Նիկոլի ուսապարկի» կամ «Նիկոլի սելֆիի ձողի կարգավիճակից»։ Պետք է «փայլի» միայն Նիկոլի աստղը, իսկ մյուսներինը՝ խամրի։ Շատերը նկատած կլինեն, որ եթե ինչ-որ մի կարևոր նախաձեռնություն կամ դրական տեղաշարժ է եղել, ապա Փաշինյանը շտապել է դրա դափնիները վերցնել իր ուսերին։

Բայց քանի որ դրանք հազվադեպ են, նա, որպես կանոն, զբաղված է բոլոր ձախողումների համար մեղավորներ փնտրելով, այդ թվում՝ սեփական թիմում, և իրեն մաքուր դուրս բերելով: Մի կողմից՝ նա չափազանց խանդոտ է վարկանիշի առումով ու երբեք թույլ չի տա, որ հանկարծ որևէ պաշտոնյա աչքի ընկնի։ Նա արագ «փչացնում» է ցանկացած մեկին, որից ինչ-որ վտանգ է տեսնում, թեկուզ հենց վարկանիշի առումով: Դե, «թիմից դուրս» անձանց հարցը հասկանալի է, բայց նա երբեք չի ների նաև որևէ թիմակցի, այնպես որ, բոլորի գլխին էլ կախված է «դամոկլ յան սուրը», նույնիսկ «Նիկոլից ավելի նիկոլականների» գլխին:

Հասկանալի է՝ պատերազմից հետո Փաշինյանն առավել շատ է դողում իր աթոռի համար՝ տարբեր կողմերից վտանգներ տեսնելով անձնիշխանության շարունակության համար։ Ուդա նկատելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող է ստվերում թողնել իրեն, առավել ևս՝ սպառնալ իր պաշտելի աթոռին։ Իսկ եթե որևէ մեկի առումով, իրական, թե ոչ իրական, հեռանկարային ակնկալիքներ են նշմարվում կամ երևակայվում, ապա դա անմիջապես գրգռում է Փաշինյանի սևեռուն մտքերը։ Այդպես եղել է մի քանի դեպքերում։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, այդ մոտեցումը նկատելի է հենց իշխանական թիմի ներսում։ Մի խոսքով, Փաշինյանի գլխավոր բնորոշիչներից է նաև անվստահությունն ու կասկածամտությունը։ Դրա համար էլ նա, որպես կանոն, անընդհատ կադրային փոխատեղումներ է կատարում՝ թույլ չտալով, որ նրանցից մեկը ամրապնդի իր դիրքերը կառավարման համակարգում, մեծ հավակնություններ ունենա կամ փորձի ինքնագործունեությամբ զբաղվել։

Ըստ այդմ, Փաշինյանը մեծ խանդով է վերաբերվում հատկապես այն խոսակցություններին, թե ով կարող է փոխարինել իրեն վարչապետի պաշտոնում։ Այդ իսկ պատճառով էլ «ժառանգորդի» վերաբերյալ հարցերի դեպքում ուղղակի հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։ Օրինակ՝ մամուլում մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվել այն տարբերակի շուրջ, որ Արարատ Միրզոյանը կարող է դառնալ հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Փաշինյանին։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ հատուկ հրահանգված է վարկաբեկիչ արշավ սկսել նրա նկատմամբ։ Դրա մասին է վկայում նաև օրերս իշխանամերձ լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումը, որում բացահայտ մեղադրանքներ էին ուղղվում Միրզոյանի հասցեին՝ համեմատականներ անցկացնելով նրա և Ուկրաինայի արտգործնախարարի միջև։

Ճիշտ է՝ այդ հրապարակումը հանվեց լրատվականից, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրա տարածումը տեղի չի ունեցել Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Առանց Փաշինյանի գիտության, «ուսապարկերի» մոտ նույնիսկ ճանճը չի տզզում։ Այսինքն՝ կարևոր էր ուղերձը տեղ հասցնել։ Ի դեպ, այնպես չէ, որ Միրզոյանը «սուրբ» է կամ այնպիսի մի հրաշք արտգործնախարար, որ նրան քննադատել չի կարելի: Լրիվ ընդհակառակը: Սակայն այստեղ ուշագրավ է երկու կարևոր հանգամանք. նախ՝ որ հրապարակումը տեղ է գտել իշխանական լրատվամիջոցում, երկրորդ՝ որ Միրզոյանին ներկայացվում են «նամյոկներ», որոնց առումով մշտապես մեղադրանքներ են հնչել հենց Փաշինյանի հասցեին, ինչը ապացուցում է վերը նշված ամբողջ հանգամանքները: Վերջապես, հետաքրքիր է, թե ի՞նչ ավելի խորքային պատճառներ կան այս ամենի մեջ, արդյո՞ք խոսքն ինքնագործունեության կանխմա՞ն, թե՞ առաջիկայում սպասվելիք ինչ-որ նոր գործընթացների կոնտեքստի մասին է…

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ