23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ում ուզի, երբ ուզի, որ պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում․․․

Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։

Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի  պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։

Այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովը հնարավորություն է տալու միայն  մեղավորներ նշանակել և ինքնաիդուլգենցիայի կեղծ թուղթ  հանել այլոց համար։ Սա լինելու է մի պրոցես, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Ի՞նչն է խանգարելու Փաշինյանին՝ այս հանձնաժողովում պատերազմի ամեն էպիզոդի համար մեղավորներ հայտարարել՝ ում ուզի, երբ ուզի, որ պահին ուզի, հետո խճճվի իր վերդիկտներում ու փոխատեղումներ անի։ Միամտություն է կարծել, թե Անվտանգության Խորհրդի անդամները, ԱԱԾ կամ ՊՆ գործող կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գալու են և երդվեն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ՝ բացի ճշմարտությունից։ Այս հանձնաժողովում միակ «ասողը» լինելու է Նիկոլը. նա կարող է անգամ ասել, որ պատերազմ չի եղել, ու հետևաբար՝ պարտություն չի եղել, և  հանձնաժողովը հաստատելու է դա։

Մեր կազմակերպության տեսակետը հրապարակվելէ շատ ամիսներ առաջ՝ նախքան խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո։

Մենք նշել էինք, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իշխանությանը չհաջողվի իր ձեռնասուն հանձնաժողովը ստեղծել։ Որպես իշխանական հանձնաժողովի այլընտրանք՝ պատերազմի քննության թեմային պետք էր  տալ հանրային լայն պրոցեսի կարգավիճակ։Դա հնարավոր է անել նաև այսօր՝ ամեն կերպ ձգտելով, որ հասարակությունը սկսիինքն իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ինչպե՞ս թուրքական անօդաչուները հայտնվեցին Հայաստանի տարածքում, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Հանրային քննիչ հանձնաժողով պետք էր և պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար, և այն պետք է լինի լրիվ այլ բովանդակության՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Մինչև չստիպենք, որ հասարակությունն իրեն տա դժվար հարցեր ու ստիպված լինի լսել դժվար պատասխաններ, մեր երկիրը դուրս չի գալու շոկից, և երկրի փլուզումը չի կանգնելու և մենք չենք կարողանալու տեր կանգնել մեր ապագային։

Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս՝ նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։

Պետք է գտնել աշխատանքային այլ ֆորմատներ՝ հանրության տարբեր շրջանակներին անմիջական մասնակիցը դարձնելու խաղաղության և պատերազմի շուրջ քննարկումներին։Պետք է վերանայել մի շարք մոտեցումներ։

Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործիք, որը կարելի է օգտագործել՝ ինչպես ուզեն։ Իշխանությունը այն կտանի իր ցանկալի հունով, անել կտա իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները։

Իսկ խորքային հարցերը կմնան անպատասխան, ինչպես՝ ա/ խաղաղ բանակցությունները փակուղի բերելը և պատերազմի հանգեցնելը, բ/ պատերազմը վաղաժամ դադարեցնելու առաջարկը (առաջարկները) մերժելը։

Առանց ճակատագրական հարցերի պարզաբանման՝ Հայաստանը որպես պետություն չի ունենալու հեռանկար։

Կան այլ կոնկրետ հարցեր ևս.

1. Ստվերային բանակցություններ. ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։

2. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում. Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխված եղել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։

3. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Կան բազմաթիվ այլ՝ կոնկրետ մասնագիտական հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք, այս անվստահության  մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում դրանց քննարկումը. իհարկե՝ ոչ։

Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ