Պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում. «Ժողովուրդ»
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա էլ կգնար Մոսկվա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միքայել Հարությունյանի օրինակով պաշտոնի ազատումից հետո Մոսկվա է գնացել նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա այնտեղ է գնացել կարճ ժամանակով, սակայն փաստ է` ազատումից հետո նա մեկնել է Մոսկվա եւ մինչ օրս այնտեղ է:
Իսկ, ահա, պաշտպանության մյուս նախարար Վաղարշակ Հարությունյանը այլ կարգավիճակով է Մոսկվայում. նա հունվարի 5-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ստացվում է, որ պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում: