Իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը. «Փաստ»
Տարին սկսվեց աշխարհում ընթացող բուռն իրադարձություններով։ Չնայած դրանք դուրս են Հայաստանից, բայց հաճախ ուղղակիորեն առնչվում են մեր երկրին։ Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին։ Թե՛ վերջիններիս, թե՛ ՀԱՊԿ ներգրավվածությանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի որոշումներին տրվող գնահատականները միանշանակ չեն:
«Փաստի» հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա, Հակոբյանի խոսքերով, այն հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինել ը: «Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։
Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է»,- նշեց Վահե Հակոբյանը: