18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Դրած քֆուրների” պատճառով ինքնասպանություն է գործել.Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակը”

Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչեւ հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես դիտորդ:

Առաջին անգամ մարտական հերթապահության մեկնած ժամկետային զինծառայող, շարքային Սարո Ս.-ի “ավագ ընկեր”՝ կրտսեր սերժանտ Կարապետյանը տեղեկացրել է նրան, որ մարտական դիրքում հերթապահության ընթացքում քնելու, նստելու, սաղավարտը հանելու, զենքը ցած դնելու համար իր՝ ջոկի հրամանատարի կողմից նախապես սահմանված է հայհոյանք: Դատական ակտում նշված է, որ Սերյոժա Կարապետյանը դրսեւորել է անարդար բծախնդրություն, հոգեբանական ճնշումներ է գործադրել, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, կատարել է իշխանազանցություն, օգտվել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանի թողտվությունից եւ պարբերաբար տեսնելով շարքային Սարոյի կողմից որոշ խախտումներ՝ հայհոյելով ստորացրել է զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

2012 թվականի մայիսի 23-ի ցերեկը Սերյոժա Կարապետյանը Սարո Ս.-ին 2 անգամ տեսել է “առույգ” խրամաբջջում հերթապահելիս նստած ու սաղավարտը հանած վիճակում, մայիսի 26-ի ցերեկը հերթապահության ժամանակ զինվորին տեսել է նստած:

Մայիսի 29-ին նա Սարոյին հերթապահության ժամանակ տեսել է նստած ու քնած: Վիճաբանել է զինվորի հետ, ապտակել է նրան, իսկ երբ Սարոն առաջարկել է խոսել, պատասխանել է, թե նրա հետ խոսելու բան չունի, ըստ դատական ակտի՝ հասկացրել է, թե հերթապահության ժամանակ նստող կամ քնող զինվորն իրեն “հավասարազոր անձնավորություն չէ”:

Մայիսի 31-ին Սերյոժա Կարապետյանը Սարոյին տեսել է հերթապահության ժամանակ նստած, դարձյալ հիշեցրել է այդ արարքի համար իր սահմանած հայհոյանքի մասին, հայհոյել է Սարոյին, ձեռքերով հրել է նրան, հետո ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:

Սարո Ս.-ն պատասխան հարվածներ չի հասցրել, պահանջել է, որ Կարապետյանն իրեն չծեծի, ասել է, թե նա զորամասում իրեն պատասխան է տալու:

Սերյոժա Կարապետյանը սպառնացել է զորամասում այլ անձանց ներկայությամբ հրապարակել Սարոյին արատավորող տեղեկությունները՝ հասկացնելով, որ խախտումների ու հայհոյանքի տակ ընկնելու պատճառով այդ զինվորի “կարգավիճակը” զինծառայողների միջավայրում փոխվելու է:

Հունիսի 1-ին, ժամը 7-ն անց 30-ի սահմաններում Սարոյին խրամաբջջում հերթապահության ժամանակ նստած տեսնելով՝ Կարապետյանը հիշեցրել է հայհոյանքի մասին, արհամարհել է զրուցելու՝ զինվորի խնդրանքը, եւ հեռացել է:

Զինվորի արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելը առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ըստ դատական ակտի՝ Սարո Ս.-ի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Նա նույն այդ օրը, դատական ակտի համաձայն, իրեն ամրակցված զենքով գետնատնակում ինքնասպանություն է գործել:

Սերյոժա Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված նաեւ այն բանի համար, որ պարբերաբար օգտվել էր դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, ուրիշներից անբասիր ծառայություն պահանջելով՝ ինքը ոչ պատշաճ է կատարել մարտական հերթապահության կրման՝ հերթացուցակով նախատեսված ծառայությունը եւ բազմիցս ուշացումով է փոխարինել շարքային Սարո Ս.-ին, ինչի հետեւանքով Սարոն, ըստ դատական ակտի, “հայտնվել է անելանելի վիճակում, իր հանգստի հաշվին Սերյոժա Կարապետյանի փոխարեն պարտադրված լրացուցիչ կատարել է հերթափոխի պարտականությունները”

Սերյոժա Կարապետյանը մեղադրվել է եւս մի զինծառայողի՝ Արթուր Մ.-ի կողմից հերթապահության ժամանակ նստելու համար վերջինիս հայհոյելու, քաշքշելու, ծեծելու համար:

Ժամկետային զինծառայող, շարքային Արմենակ Ավետիսյանը մեղադրվել է այն բանի համար, որ բազմիցս, առանց դիրքի ավագի թույլտվության, թողել է մարտական հենակետը, տարբեր պատրվակներով գնացել է հարեւան հենակետ:

Բացի այդ, մայիսի 30-ին, օգտվելով դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանյանի թողտվությունից, Սերյոժա Կարապետյանի ներկայությամբ բռնություն է գործադրել շարքային Սարո Ս.-ի նկատմամբ, հաշիվ է պահանջել իրեն խաբելու՝ հազար դրամից ավելի գումար ունենալու հանգամանքը թաքցնելու համար: Զինվորի նկատմամբ բռնության գործադրումը ծանր հետեւանքներ է ունեցել, նաեւ այդ արարքն է պատճառահետեւանքային կապի մեջ դիտարկվել՝ հունիսի 1-ին Սարո Ս.-ի կատարած ինքնասպանության հետ:

Ռազմիկ Խանյանը՝ դիրքի ավագը, մեղադրվել է այն բանի համար, որ ինքն էլ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, պարբերաբար չի կատարել մարտական հերթափոխները, ինքնակամ լքել է մարտական դիրքը, ինչպես նաեւ դրսեւորել է իշխանության անգործություն:

Հունիսի 1-ին, ժամը 8-ին մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերելով շարքային Սարո Ս.-ի դիակը՝ ավագ լեյտենանտ, դիրքի ավագ Խանյանը պատշաճ չի պահպանել դեպքի վայրը, լրացրել է զինվորի հանդերձանքը, ձեռք է տվել զենքին:

Ընդհանուր իրավասության դատարանում Սերյոժա Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե որեւէ մեկին չի ասել՝ Սարոն էն տղան չէ, ում հետ կարելի է շփվել կամ ընկերություն անել: Սարոյի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրա պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել: Իր ներկայությամբ Արմենակ Ավետիսյանը Սարոյի նկատմամբ բռնություն չի գործադրել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ