Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով տնտեսական աճի ու ներդրումների վերաբերյալ խոստումներին։
«Տարվա սկզբին տնտեսության համար պատասխանատու պաշտոն զբաղեցնողը խոստացավ տնտեսության երկնիշ աճ, միլիարդավոր ԱՄՆ դոլարի ներդրումներ
Տարին մոտենում է ավարտին։
2021թ․ հունվար-օգոստոսին․
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է խոստացածի կեսից էլ պակաս չափով՝ 4,9 տոկոսով։ Նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ նվազել է 0,3 տոկոսային կետով։
Ի դեպ, հարևան Վրաստանում տնտեսությունն աճել է երկնիշ՝ շուրջ 12 տոկոսով։
Օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 280 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ 85,7 միլիոն ԱՄՆ դոլար։ Խոստացած միլիարդավոր դոլարից պակաս է պատիկներ անգամ։
Այս ժամանակահատվածում երկնիշ (12 տոկոսով) և շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով աճ ապահոված ցուցանիշ էլ կա։ Դա Հայաստանի պետական պարտքն է։
2021թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրվեց առանցքային մեկ այլ ցուցանիշի երկնիշ աճ ևս։ Խոսքը սննդամթերքի գների 10,2 տոկոսով աճի մասին է։ Վերջինիս առաջանցիկ աճը շարունակվում է՝ ուղղակիորեն նվազեցնելով քաղաքացիների իրական եկամուտներն ու բարեկեցությունը», – գրել է Թադևոս Ավետիսյանը։