Մամուլի դեմ իշխանության ձեռնարկած արշավի հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլերով գնալու է դեպի դիկտատուրա․ Սաթիկ Սեյրանյան
«Հայաստանում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,- «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ, «168» ժամ թերթի գլխավոր խմբագր Սաթիկ Սեյրանյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր քայլերը, որոնք համակարգված ու հետևողականորեն անում է ՀՀ գործող իշխանությունը, միտված են իր նշած ավտորիտար համակարգն ամրապնդելուն։ Ամենացայտուն օրինակներից է ճնշումը մամուլի և խոսքի ազատության նկատմամբ։ Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, ֆինանսական, քարոզչական։
«Մամուլի դեմ ծավալված արշավն իրականում ուղղված է ոչ թե առանձին վերցրած լրատվամիջոցների, այլ խոսքի ազատության դեմ՝ ընդհանրապես, և տեղավորվում է ավտորիտար՝ բռնապետական իշխանություն ձևավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք, թեկուզ փոքր չափով, կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմի առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը։
Նրա խոսքով՝ մամուլի դեմ իշխանության իրականացրած արշավի հաջողության դեպքում Հայաստանը հաստատուն քայլեր է անելու դեպի դիկտատուրա։