23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ունենք անվտանգային համակարգի վերակազմավորման անհրաժեշտություն՝ նույնիսկ հանձնաժողովում ներկայացված չէ ԶՈւ-ի բարեփոխման հայեցակարգը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօր արտահերթ նիստում յոթերորդ անգամ դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջադրած հանձնաժողովի նախագահի թեկնածու Արթուր Ղազինյանին: Արտահերթ նիստը բոյկոտել ու չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Ավելի ուշ  ընդդիմադիր խմբակցությունները մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գնահատելով հանձնաժողովի աշխատանքները՝ ասաց՝ օգոստոսի 2-ին ձևավորվել է ԱԺ, և մինչև օրս Պաշտպանության հանձնաժողովում որևէ այլ հարց չի քննարկվել։

«Մի քանի անգամ երկու խմբակցության պատգամավորներով փորձել ենք հանձնաժողովի աշխատանքը տեղափոխել բովանդակային դաշտ, սակայն այն իշխանական պատգամավորների ու հանձնաժողովի կողմից հանդիպել է բոյկոտի։ Ուզում եմ հանրության ուշադրությունը հրավիրել մեկ կարևոր հանգամանքի վրա։ Երկու ամիս է՝ ՀՀ կառավարությունից ԱԺ երկրի անվտանգային հարցերի վերաբերյալ որևէ նախաձեռնություն չի եկել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ անդրադարձավ իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ չեն ընտրում, քանի որ նա բանակում չի ծառայել, մինչդեռ  Պաշտպանության նախարարի երկու տեղակալները, ինչպես նաև պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի դիրքում գտնվող անձը բանակում չեն ծառայել։ Կարևոր հարցերը դնել չորրորդ «պապկայի» մեջ և որպես առաջնային խնդիր քննարկել, թե հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն բանակում չի ծառայել, ընդունելի չէ, ասաց Տիգրան Աբրահամյանն ու շարունակեց.

«Անընդունելի է իշխանության օրենսդրական  նախաձեռնության այն մտադրությունը, որը  հայտարարվեց հանձնաժողովի նախորդ նիստում, թե  նպատակ կա օրենսդրական կարգավորումների ձևով սահմանափակում մտցնել հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուին երկու անգամ առաջադրելու մասով, որովհետև սրանով իշխանությունն օրենսդրական տեսք է փորձում տալ իր ցանկություններին և քմահաճույքներին: Հետպատերազմյան շրջանում մենք ունենք անվտանգային համակարգի վերակազմավորման, նախկինում դրված մեծ թվով մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն, սակայն առ այս պահը նույնիսկ հանձնաժողովում ներկայացված չէ Զինված ուժերի բարեփոխման հայեցակարգը»։

Պատգամավորն անդրադարձավ նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու ծառայությանը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի այն զորամասը, որտեղ ծառայել է նրա որդին, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում բավականին ակտիվ ու օրինակելի զորամասերից մեկն է եղել։

«Անձամբ Անդրանիկ Քոչարյանի որդուն ես չեմ ճանաչում, չեմ կարող բնութագրել նրա ծառայությունը։ Այս հարցին ես մոտենում եմ ոչ թե այն տեսանկյունից, որ նա Անդրանիկ Քոչարյանի որդին է, այլ մոտենում եմ այն տեսանկյունից, որ նրա տղան ՊԲ մեր զինծառայողներից է, և այս իրավիճակում, քանի դեռ չկա այդ ամենը հաստատող փաստ, ես որևէ ձևով չեմ փորձի վիրավորել կամ հուզական տեսանկյունից անդրադառնալ այդ թեմային, որն առնչվում է մեր զինծառայողներին»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ