26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանն ի՞նչ ունի խոսելու, ծնկի եկած մարդու հետ չեն խոսում, հրահանգում են, և նա կատարում է. Արմինե Ադիբեկյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ Արցախյան վերջին պատերազմից մեկ տարի անց մենք դեռ կորուստների փուլում ենք, որոնց ծավալը շարունակ մեծանում է: Լրագրողի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իշխանության՝ այսքան դավաճանությունից խոսելուց հետո մենք դեռ չունենք պատժված դավաճաններ, Ադիբեկյանը պատասխանեց.

«Սովետական դատախազությունում այսպիսի ասացվածք կար, ասում էին՝ երբ սկսում ես ինչ-որ բան հետախուզել, ամենակարևորը, որ ինքդ քեզ չբացահայտես: Ճիշտ նույն պատկերն է հիմա, մարդիկ չեն կարող իրենք իրենց հանցանքները հանել ջրի երես և իրենք իրենց պատժեն պետական դավաճանության համար: Դա անհնարին է: Պետական դավաճանը չի կարող պետական դավաճանության համար ինչ-որ մեկին բացահայտի, մեղադրի, դատապարտի և պատժի: Երբ որ այս քայլող ժեխը կհեռանա իշխանությունից, կգան նոր ուժեր, նոր մարդիկ, եթե այդ ժամանակ ունենանք պետություն, պետականություն և հետևաբար՝ իշխանություն, այդ ժամանակ կբացահայտվեն և՛ դավաճանները, և՛ հանցանքները, դրա հետ միասին կունենանք դատավճիռներ, ըստ որի՝ կպատժվեն բոլոր հանցագործները: Հակառակ դեպքում կսպասենք 80 տարի, երբ մեր ծոռներն այս մարդկանց անունները կբացահայտեն, կասեն՝ սենց բան է տեղի ունեցել: Ոչ մի բացահայտում պետք չէ ակնկալել, քանի որ բացահայտողներն ու բացահայտվողները նույն մարդիկ են, ոչ մի բան տեղից չի շարժվի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, թե Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել, սա, ըստ էության, հաստատեց նաև հայկական կողմը:  Լրագրողի հարցին, թե ի՞նչ ունի խոսելու մեր երկրի ղեկավարն Էրդողանի հետ, ադրբեջանագետը արձագանքեց.

 

«Իսկ Էրդողանն ի՞նչ ունի խոսելու, նա թեմա չունի խոսելու, որովհետև ծնկի եկած մարդու հետ չեն խոսում, հրահանգում են, և նա կատարում է՝ ձև տալով, թե իբր մասնակից է, որոշում կայացնող է, և դա նրա կամքն է, իրականում նման բան չկա, Էրդողանը նրա հետ չի էլ հանդիպել, խնդրանքը, որ հանդիպենք, նա տվել է մամուլին շատ նվաստացուցիչ տոնայնությամբ և ձևով, որովհետև դռան շան հետ չեն հանդիպում, դռան շանը միս են գցում, ասում են՝ զբաղվի, մինչև ասեմ՝ ինչ անես, և նա անում է դա: Խաղաղություն կամ պատերազմ բերողը նրանք չեն, որովհետև նրանք ոչինչ չեն որոշում, հարց լուծող չեն, պայման դնող չեն, պահանջ առաջ քաշողներ չեն, նրանք անում են այն, ինչ նրանց հրահանգում են նրանց ծնկի բերողները, որոնցից մեկն էլ Էրդողանն ու Ալիևն են… Ես չգիտեմ, թե նրանք ո՞ւմ հետ են խոսում, ի՞նչ են խոսում, ո՞վ է նրանց լսում, հավատում, փաստն այն է, որ մենք շարունակում ենք պարտվել բոլոր դաշտերում, բոլոր ոլորտներում: Ալիևը գնում, կանգնում է ԵԽԽՎ-ում, հայկական եկեղեցու անուն է փոխում, որը սկզբում փորձեց ոչնչացնել, հետո պղծեց, ձևափոխեց, հիմա անունն է փոխում, ու 12 ոչխար էնտեղ նստած չեն կարողանում դիմադրել այդ խայտառակությանը, հետո բառաչում են, թե՝ փորձեցինք, չստացվեց: Եղբայր, չի ստացվում, ուրեմն դու դիմում ես գրում ու հրաժարվում ես, որովհետև դու այն գործը, որի համար վարձատրվում ես, չես կարողանում կատարել, քեզ չի կարելի որևէ լուրջ բան վստահել, որ դու անես, ի վիճակի չես պարզ հարց լուծել, դա շատ պրիմիտիվ հարց է, ես չեմ խոսում բարդ հարցերից՝ ՀՀ տարածք ներխուժելու, գերիների հարցից, էլեմենտար հարց է: Հայկական եկեղեցու անունն ինչի՞ պետք է փոխի ոչ քրիստոնյա երկրի լիդեր, որն այդ քաղաքի բնակչությանը մորթել և անտուն է սարքել երկու անգամ… Այս ամենի մեջ մենք մտածում ենք, թե ի՞նչ ապագա է մեզ սպասվում, վատ ապագա է սպասվում, շատ տխուր ապագա»,- ասաց Ադիբեկյանը:

Ադրբեջանագետի կարծիքով՝ մենք դեռ անկման մեջ ենք, հատակին չենք հասել, հետևաբար՝ հնարավոր չէ կանգնեցնել մեր անկումը, պետք է սպասել, մինչև հասնենք հատակին, որ նորից սկսենք բարձրանալ: Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունն այս ճանապարհին:

 

«Ընդդիմությունը ինչ պետք է աներ, պետք է աներ մինչև այսօր, հիմա ամեն ինչ անելն անիմաստ է: Ընդդիմությունը շատ բարակ շերտ է, որը գտնվում է «ժող ջան»-ի և քայլողների մեջտեղում, մեկը՝ վերևից, մյուսը՝ ներքևից հարվածում են մեզ, տիրող իրավիճակից դժգոհությունը մեզ վրա են թափում, ես կառաջարկեմ հիմա արանքից դուրս գանք, թող միմյանց ըմբոշխնեն, շոշափեն, գրկախառնվեն, հասկանան, զզվեն իրարից, «ժող ջանը» հասկանա, թե ի՞նչ կրակն է ընկել, որ սրանց ձայն է տվել, նրանք էլ՝ ինչ կրակն են ընկել, որ հենվել են սրանց վրա, որովհետև իրենք իրար «պադդեռժկա» չեն, սպասենք, մինչև ամբոխը կհասկանա և կսկսի փնտրել այլընտրանք իշխող թյուրիմացությանը: Այդ ժամանակ ստրատեգիական պլան գծել, նստել սպասել, թե երբ է «ժող ջանը» գալու, իսկ իրենք գալու են»,- ասաց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ