26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուշքի՛ եկեք, սա դեռ վերջը չէ․ երբեք ուշ չէ համախմբվել և այս իշխանությանը նստեցնել դատապարտյալի աթոռին․ Մինասյան

Անկախությունը թթվածնի նման է։ Եթե կա, չեք զգում նրա գոյությունը, բայց եթե չկա, շնչահեղձ եք լինում։ Այդպիսի բան է անկախությունը,  հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ այժմ Հայաստանը անկախության պակասից շնչահեղձ է լինում։

«Այդ շնչահեղձության հետևանքն է, որ հազարավոր թուրքեր մեր սահմաններին են, ու մարդիկ չեն զգում դա, որ 5 000–ից ավելի երիտասարդ, սուրբ տղաներ գնացել, նահատակվել են, ու իրենց համար դա մեծ ողբերգություն չէ, որ հարյուրավոր տղաներ թուրքական բանտերում են, տասնյակ հազարից ավելի անդամալույծ տղաներ ունենք, «և ոչինչ»։ Այ, դա շնչահեղձ վիճակի դրսևորում է», – ասաց նա։

Գագիկ Մինասյանը հասարակության մի հատվածի այսպիսի վերաբերմունքը բնորոշեց որպես հիվանդություն, որի բացիլները ներարկել են այսօրվա իշխանությունները, իսկ հասարակության առողջացման առաջին նախապայման համարեց գործող իշխանության հեռացումը։

«Այն կորուստները, որոնք ունենք այսօր, երբեք չենք ունեցել։ Եթե այս երևույթները այսօրվա իշխանությունները հավուր պատշաճի ընկալեին և ունենային բարոյականության գոնե նվազագույն մակարդակ, իհարկե, պետք է հրաժարական տային և հեռանային՝ ոչ միայն այն պատճառով, որ տապալել են այն մեծագույն ջանքերը, որը մեր անկախության սերունդը իր ուսերի վրա կերտեց, այլև որպեսզի չտանեն նորանոր փորձությունների այս պետությանն ու այս ժողովրդին, որովհետև երբ մենք մեր հայրենակիցներին նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո փորձում ենք ասել՝ ուշքի՛ եկեք, սա դեռ վերջը չէ, հասարակության շատ անդամներ ասում են՝ դե լավ, ինչ եղավ՝ եղավ», – նշեց Մինասյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկայում Հայաստանին ու հայ ժողովրդին սպասվող նոր փորձություններից խուսափելու համար համախմբված պայքարն անհրաժեշտություն է և իրագործելի։

«Փորձություններն այս իշխանության օրոք՝ մեր պետության ու մեր ժողովրդի գլխին, գալիս են անընդհատ, և այսօր դեռ վերջը չէ, մեզ էլի փորձություններ են սպասվում, հետևաբար, երբեք ուշ չէ համախմբվելու և այս իշխանությանը հեռացնելու, դատապարտյալի աթոռին նստեցնելու համար», – ընգծեց Գագիկ Մինասյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ