26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի հարցի պատմություն և դառը ու տխուր իրականություն

Ազգային ժողովում անհետ կորած տղերքի հարցով զբաղվող պետական մարմնի, միջգերատեսչական հանձնաժողովի բացակայության մասին, «գունագեղ» շոուի մասին կառավարությանն ուղղված իմ հարցից հետո քննադատության մի տարօրինակ ալիքի հետ բախվեցի:

Ոմանք ասում են, թե ես նիկոլ փաշինյանին չպետք է հարց ուղղեի. միանգամից ասեմ, ես նրան հարց չեմ ուղղել, այդ նա որոշեց պատասխանել իմ հարցին: Հիմա ես եմ հարցնում՝ իսկ ինչո՞ւ չպետք է բարձրաձայնվի այն մասին, թե ինչու վարչախումբը մինչ օրս նորմալ պատկան մարմին չի ստեղծել անհետ կորած տղերքի հարցերով զբաղվելու համար: Ինչո՞ւ: Կասեք, թող դա աներ մեկ ուրիշը: Լավ, իսկ այդ դեպքում ես ի՞նչ պետք է անեմ:

Հարցն ուղղելուց հետո, նիկոլի պատասխանից հետո երկար ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ էի: Չէի հասկանում պատճառը: Սկզբում մտածում էի, որ ես կառավարությանը չպետք է հարց ուղղեի, բայց հետո, արձագանքներից հետո հասկացա, որ ճիշտ եմ արել, ճիշտ եմ վարվել, եւ ծանր հոգեվիճակի պատճառը բոլորովին այլ է:

Մեղմ ասած, հեշտ չէ, անգամ ծանր հոգեվիճակի մեջ ես հայտնվում, երբ ստիպված ես լինում առկա խնդիրները, որոնք վերաբերում են հերոս տղերքին, նրանց ծնողներին, քննարկել նրա հետ, որին մեղադրում ես, որին մեղավոր ես համարում կատարված ողբերգության մեջ: Որեւէ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ էր կատարվում ինձ հետ հենց այդ ժամանակ եւ դրանից հետո:

Ամենահեշտը քննադատելն է, ամենահեշտը տանը նստելն է, ամենահեշտը հեռախոսը վերցնելն եւ ինձ վիրավորելն է: Ֆեյսբուքում կարդացի մեկնաբանություններ, որոնց հեղինակներն անգամ ինձ փորձում էին ծաղրել, որ հարց եմ ուղղել կառավարությանը, մեղադրում էին, որ այդ պահին չեմ կոտրել կառավարության անդամների եւ նրա ղեկավարի գլուխը, իսկ մեկն էլ քաջաբար համակարգչի էկրանի հետեւում թաքնված գրել էր՝ արա, բա սա սրանց չէր մեղադրո՞ւմ իր որդու սպանության մեջ, իսկ հիմա հետները հարց է քննարկում:

Չեմ ցանկանում, որեւէ մեկին այն, ինչ կատարվել է ինձ հետ եւ կատարվում է իմ ու հազարավոր այլ ընտանիքների հետ, բայց սրանից հետո երկար շատ երկար կմտածեք ինձ խորհուրդներ տալուց առաջ:

Ես, ինչպես երեկ, այնպես էլ այսօր պնդում եմ, ասում եմ, որ կատարվածի համար մեղավոր է վարչախումբը եւ նրա առաջնորդը, պնդում եմ, որ դրա համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, պնդում եմ, որ բոլոր մեղավորները պետք է անցնեն հայկական նյուրնբերգյան դատավարությամբ: Պնդել եմ եւ պնդում եմ: Սա իմ կյանքի գործն է, որին ես հաստատ հասնելու եմ իմ ընկերների, գործընկերների եւ հազարավոր իմ նման ծնողների հետ:

Իսկ հիմա, տպավորություն է, որ կան մարդիկ, որոնք այսքան ժամանակ սպասել են ոչ թե այդ դատավարությանը, ոչ թե իրավիճակի նորմալացմանը, այլ թե երբ եմ ես հարց ուղղելու կառավարությանը, որ սկսեն ինձ վիրավորել եւ քննադատել, դասեր տալ, բացատրել, թե ես ում եւ երբ պետք է հարց տամ:

Ասում են, որ Ալենին ասել եմ Ալեն ջան: Այո, ասել եմ: Ո՞ւ, ու ի՞նչ, դրանից ի՞նչ եք եզրահանգել: Ասում եք, թե խնդրել եմ չեղարկել սեպտեմբերի 21-ի գունագեղ շոուն: Նախ, չեմ խնդրել, պահանջել եմ, սթափության կոչ եմ արել: Արել եմ դա հազարավոր ծնողների անունից: Ո՞ւ: Ես հանցա՞նք եմ գործել:

Չի կարելի: Այդպես չի կարելի: Տանը նստել, սպասել, որ ինչ-որ մեկն ինչ-որ հարց տա, որ սկսեք դասեր տալ, այդպես կարող է անել ցանկացած մեկը: Բայց դասեր տալուց առաջ կյանք ապրեք, հայրենասեր որդիներ եւ դուստրեր դաստիարակեք, սովորեցրեք չփախչել մարտի դաշտից, ծառայությունից, սովորեցրեք արժանապատվություն, դուք էլ ապրեք այդպես եւ նոր սկսեք դասեր տալ, իսկ կոմպի հետեւում նստած սրամտություններ անել մեկի հասցեին, որն իր ամենաթանկն է տվել պատերազմին, որն անդադար կռիվ է տալիս այս վարչախմբի դեմ, առնվազն անբարոյականությունն է:

Կրկնել, ու էլի եմ կրկնում, որ այս երկրի զարգացման, արժանապատվության վերականգնման թիվ մեկ խոչընդոտը նիկոլ փաշինյանն է: Քանի դեռ նրա դեմքով է Հայաստանը ներկայանում աշխարհին, անհաջողություններն ու պատերազմն ուղեկցելու են մեզ, բայց նաեւ ասեմ, առայժմ միայն մեղմորեն ասեմ, նա դեռ մնում է ոչ միայն 680 հազարի պատճառով, այլ նաեւ նախ եւ առաջ նրանց, ովքեր չեն ցանկանում, որ իրենց մատը հանրահավաքին մի փոքր ցրտահարվի, իրենց որդին բանակում ծառայի, բայց հանդես են գալիս ամենաթունդ ընդդիմադրի կեցվածքով ու այնքան անբարոյական են, որ իրենց տափակ ուղեղների վերլուծությամբ կարծում են, որ եկել է ճիշտ պահը ինձ ու իմ ընկերներին ծաղրելու համար: Ծաղրելու, որ հանդգնել ենք ոչ թե ջարդել կառավարության անդամների գլուխները, այլ նրանց հարցեր տալ, վարչախմբի դատարկությունը հանրության լայն շերտերի առաջ ի ցույց դնելու համար, հարցեր, որ գոնե ժողովրդին զերծ պահենք ապօրինություններից:

Առայժմ այսքանը, բայց սրանից հետո ինձ, իմ ընկերներին, հերոս տղերքի ծնողներին ծաղրել փորձելուց առաջ մի լավ մտածեք, որովհետեւ դրա համար պատասխան եք տալու:

Ու եթե կարծում եք, թե դուք ավելի հայրենասեր եք, քան ես ու իմ ընկերները, թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ապա գոնե մի քայլ արեք, բացի ճոռոմ հայտարարություններ անելուց, որ հասկանանք ձեր հայրենասիրության չափը:

Մենք անթերի չենք: Ես անթերի չեմ: Եվ այստեղ մեզ օգնության են գալիս մեր այն ընկերները, որոնք դիտարկում, առաջարկ, քննադատություն անում են մասնավոր զրույցներում, մասնավոր նամակներով, խորը վերլուծական հոդվածներով եւ ոչ թե հրապարակային վիրավորանքներով:

Եվ այս ամենի մեջ միայն շատ քչերը ֆիքսեցին, որ Գեղամ Նազարյանի կոնկրետ հարցին նիկոլ փաշինյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, չասաց, թե այդ որ մարմինն է զբաղվում անհետ կորածների խնդիրներով, չֆիքսեցին, որ ստիպեց ներողություն խնդրել «գունագեղի» համար ու անգամ գործը հասավ ոտանավորին:

Դե կարեւորը դա չէր, այլ մի առիթ գտնել Գեղամ Նազարյանին դասեր տալու համար, վիրավորելու համար: Կարճ ասեմ՝ Գեղամ Նազարյանին արդեն մոտ մեկ տարի դասեր եւ խորհուրդներ տալիս է իր հերոս որդին՝ Աբգարը, ու չշշկռվեք սահման անցնել: Չշշկռվեք:

Ես ու հերոս տղերքի բազմաթիվ, հարյուրավոր ծնողներ մեր ընկերների աջակցությամբ ավարտին ենք հասցնելու այն գործը, որի համար աշխատում ենք օրը 25 ժամ: Աբգարը, Գոռը, Մխիթարը, Վարդանը, Կարենը, Էրիկը, Արամը, Անդրեասը, Հայկազը, Գեւորգը, Ազիզը, Վրեժը, Հակոբը, Սարոն, Զորիկը, Տիգրանը, Արգամը, Սամվելը, Իշխանը, Կամոն, Վահիկը, մյուս հազարավոր տղերքը մեզ թույլ չեն տա շեղվել ճշմարտության ճանապարհից, այնպես որ, մեզնից շատ չեք ցանկանում, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, մեզնից շատ չեք տվել ու արել այդ իրավիճակը փոխվելու համար: Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար

Աժ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ