26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կշրջենք Գյումրու թաղերով ու վերջ կդնենք այն թյուր կարծիքին, թե ՀՀԿ-ն ժողովրդի թշնամին է»․ Գյումրու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու

ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով, որի մեջ ընդգրկված են նոր դեմքեր, կուսակցության նոր անդամներ։ 80-ից տոկոսից ավելին նոր մարդիկ են, հիմնականում երիտասարդներ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը։ «Ցուցակի 80 տոկոսից ավելին նոր դեմքեր են, կան մարդիկ մեր կուսակցության երիտասարդական թևից, իրավաբան ունենք, ֆինանսիստ։ Փորձել ենք բոլոր բնագավառներից  ընդգրկել, որպեսզի հետագայում մեր աշխատանքներում բոլորը ներգրավված լինեն՝ որպես մասնագետներ։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր քաղաքին մենք էլ օգուտ տանք, մեր լուման բերենք խնդիրների լուծմանը»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր հարցին՝ Ազգային ժողովի վերջին ընտրություններից հետո, երբ իշխող կուսակցությունն առաջատար էր Գյումրիում, մտավախություն չկա՞ մրցակցել նրանց հետ, ՀՀԿ թեկնածուն ասաց․ «Ժողովուրդն այսօր շատ լավ տարանջատում է Ազգային ժողովի ընտրությունները ՏԻՄ ընտրություններից, շատ լավ պատկերացնում է՝ Ազգային ժողովի ընտրությունն ինչ է, ՏԻՄ ընտրությունն ինչ է։ Ժողովուրդը ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժին ընտրում է իր առաջին դեմքով, ընտրում է իր քաղաքապետին, իր դարդին, ցավին կարեկից անձնավորության։ Իսկ Ազգային ժողովի ժամանակ լրիվ ուրիշ է, այն ձայները, որ ՔՊ-ն ստացել է  ԱԺ ընտրությունների ժամանակ, չեմ կարծում, որ նույն ձայները կունենա ՏԻՄ ընտրություններում։ ՏԻՄ ընտրությունները մի քիչ անձնավորված են, քաղաքական ուժերը ինչքան էլ ներկայացված լինեն, ամեն դեպքում ժողովուրդը նայում է անձերին, թիմին, կարևոր է, թե ով է առաջիկայում ղեկավարելու իր քաղաքը, արդյոք այդ մարդն ի վիճակի՞ է իր դարդն ու ցավը կիսելու, հավուր պատշաճի իր քաղաքը ներկայացնելու»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ուսումնասիրություններ, սոցհարցումներ կատարե՞լ են, թե ինչքան ձայն կհավաքի ՀՀԿ-ն Գյումրիում․ չէ որ Գյումրին այն քաղաքն է, որը տարբեր ընտրություններում մերժել է ՀՀԿ-ին՝ այս կուսակցությանը չտալով  վստահության մեծ քվե, Արտյոմ Ղուկասյանն ասաց․ «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել․ այն, ինչ որ կատարվեց «Հանրապետական» կուսակցության հետ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի կուսակցություն ապահովված չէ այդ նույն պատմությունից։ Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ պիտի մի քիչ զգուշավոր լինի «փառք»-ի հետ։ Կարծում եմ, մենք լուրջ ռեսուրս ունենք Գյումրիում ու որքան էլ  կան մարդիկ, որոնք կաշկանդված են, չեն ուզում հրապարակայնորեն հանդես գալ, ամեն դեպքում մեզ ձայն կտան։ Մեր նախկին կուսակիցներն ու գաղափարակիցներն էլ, որոնք այսօր չեն գալիս ու ցուցադրաբար չեն սատարում մեզ, միևնույնն է՝ նրանք էլ հոգու խորքում մեզ հետ են։ Ամեն դեպքում ընտրության արդյունքները ցույց կտան, թե ինչքան համակիրներ ունենք, իսկ նրանք քիչ չեն։ Ժամանակները ստիպում են, որ մարդիկ իրենց հայացքները քողարկեն»։ Մեր զրուցակիցը նշում է, որ ընտրվելու դեպքում Գյումրիում առաջինը կփոխի  ատելության մթնոլորտը, մարդկանց փոխհարաբերությունները, կվերացնի «նախկին-ներկա» կեղծ օրակարգը։ «Գյումրին ներկայանալի քաղաք է, զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող քաղաք է, ու ցանկալի չէ, որ դրսից եկող զբոսաշրջիկը նկատի գաղջ մթնոլորտը։ Կուզենայի մեկը մյուսի հանդեպ ավելի բարեհամբյուր լիներ, զիջող լիներ։ Շատ կուզենայի փոխել քաղաքի մթնոլորտը, չգիտեմ ինչքանով կստացվի, տեսնենք»։ Մենք նաև հարցրեցինք՝ թեկնածուն ունի՞ կապեր՝ Գյումրիում ներդրողների հրավիրելու, աշխատատեղ ստեղծելու ու «աղքատ քաղաք» բնութագրին վերջ դնելու համար։ «Պիտի փորձենք, գիտեք, ես ինքս գործի մարդ եմ,  էդ շոուները չեմ սիրում, դատարկ խոստումներ տալ չեմ սիրում, ռեալիստ եմ, սիրում եմ տեսածը, արդյունքն արձանագրել, քան թոզ փչել աչքերին, ասել՝ գիտեք  սա կանեմ, նա կանեմ, կգերադասեմ մի քիչ լուռ մնալ, մի քիչ զուսպ մնալ, հետագայում ինչ-որ ստացվի, կստացվի»,-ասաց Արտյոմ Ղուկասյանը։ Մեր հարցին՝ եթե ընտրվի ու քաղաքի կառավարման ղեկը ստանձնի, դժվար չի՞ լինի աշխատել գործող իշխանության հետ։ «Անկախ նրանից, որ ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ, անկախ նրանից, որ ՔՊ-ն այսօր «Հանրապետական» կուսակցության հետ իր լարված հարաբերությունները չի ուզում հարթել, ամեն դեպքում իմ աշխատանքը պիտի նվիրված լինի քաղաքին, քաղաքի ժողովրդին։ Մեր ժողովուրդն էլ այս երկրի մասնիկն է, չեմ կարծում, որ խոչընդոտներ հանդիսանան իմ աշխատանքին, տեսնենք, ժամանակը ցույց կտա, ի շահ գործի՝ պիտի միավորվել»։ Մեր զրուցակիցն ասաց, որ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում կշրջի թաղերով, կշփվի մարդկանց հետ։ «Ինչո՞ւ ենք այդ ձևը ընտրում, որովհետև այսօր ժողովրդի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե «Հանրապետականն» ազգի թշնամին է, մենք անձամբ կշփվենք ու ցույց կտանք, որ մենք իրենցից մեկն ենք, իրենց մի մասնիկն են, իրենցից ծոցից դուրս եկած, մենք հո ժողովրդի ու ազգի թշնամին չենք։ Կփորձենք մեր կուսակցության վարկանիշը, հեղինակությունը բարձրացնել քիչ-քիչ՝ ցույց տալով, որ մենք նույնպես ժողովրդի մասնիկն ենք, և այդ միտքը՝ «նախկին- ներկա», կեղծ օրակարգ է, որը մատուցվել է ժողովրդին, պետք է դուրս գցել գլխից, որպեսզի կարողանանք բոլորս միասին հանգիստ ապրենք ու աշխատենք՝ ի շահ մեր քաղաքի», -ասաց Արտյոմ Ղուկասյանը։ ՀՀԿ-ի ավագանու ցուցակին, որտեղ ընդգրկված են նոր դեմքեր, կանդրադառնանք առաջիկայում։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ