Հայերի ու ադրբեջանցիների ընկալումների տարբերությունները` ըստ Թոմաս դե Վաալի

Նախորդ շաբաթ ՛՛Քարնեգի՛՛ կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը Ստամբուլում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտությանը նվիրված իր ՛՛Սև այգի՛՛ գրքի թուրքերեն թարգմանված տարբերակը:
Ermenihaber.am-ի հարցին, թե ինչպես է գիրքն ընդունվում Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպիսին են հայերի ու ադրբեջանցիների ընկալումները, հեղինակը պատասխանում է հետևյալ բնորոշմամբ.
՛՛Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում: Հայերը գրի ժողովուրդ են, դե գիտեք, նրանք դարեր ի վեր գրել են: Եվ երբ գիրքս լույս տեսավ, ես հայերից մոտավորապես այսպիսի արձագանքներ էի ստանում ՛՛Դուք Ձեր գրքի 269-րդ էջում այս արտահայտությունն եք օգտագործել: Ինչու՞՛՛: Իսկ ադրբեջանցիների արձագանքը բոլորովին այլ բնույթի է, այսպես օրինակ. ՛՛Շնորհակալություն մեր մասին գիրք գրելու համար: Ճիշտ է, մենք դեռ չենք կարդացել այն, բայց համոզված ենք, որ լավն է՛՛:
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից թարգմանված վերոնշյալ գիրքը պատմում է ղարաբաղյան հակամարտության ծագման, խնդրի լուծմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերի և հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության դիրքորոշման մասին:
Թոմաս դե Վաալը գիրքը ներկայացնում է որպես ժամանակակից պատմական աշխատություն և միևնույն ժամանակ քաղաքական վերլուծություն: Գրքի համար նյութ են ծառայել հեղինակի` Հարավային Կովկաս կատարած այցելությունները, Մոսկվայում և Վաշինգտոնում իրականացրած 120 հանդիպումները և այնպիսի պատմական աղբյուրներ, ինչպիսիք են ՛՛Պոլիտբյուրոյի՛՛ արխիվները:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ