«Խստացումները չպետք է լինեն լրագրողների իրավունքների հաշվին». լրագրողները բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ օթյակում
Խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված օթյակում։
Նրանք իրենց տեղաշարժը սահմանափակելու դեմ գրություններով թղթեր ցուցադրեցին նիստերի դահլիճում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պատգամավորներին։ Օթյակ մուտք գործած անվտանգության աշխատակիցները, սակայն, պահանջեցին գրությունները չհպել ապակիներին և դադարեցնել ակցիան։
«Ժողովուրդ» թերթի լրագրող Սոնա Գրիգորյանը նշեց, որ իրենք ակցիա են իրականացնում՝ այսպիսով փորձելով իրենց խնդիրների վրա հրավիրել վարչապետի ուշադրությունը։
«Սա մեր աշխատավայրն է, և դուք չեք կարող մեզ այստեղից հանել։ Մենք ոչ մի վատ բան չենք գրել մեր թղթիկների վրա, ընդամենն ուզում ենք, որ պարոն Փաշինյանը մեր հարցերին պատասխանի», – ասաց նա անվտանգության աշխատակիցներին։
«Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանն էլ հավելեց, որ իրենք շատ լավ հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են լրագրողների տեղաշարժի առնչությամբ սահմանափակումներ մտցվել։
Քիչ անց օթյակում գտնվող լրագրողներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ ժամանակներս պատրաստվում են լրագրողների իրավունքների վերականգնման թեմայով քննարկումներ կազմակերպել՝ միաժամանակ ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորելով ակտիվ մասնակցություն ունենալ դրանց և առաջարկներ ներկայացնել։
«Խստացումները չպետք է լինեն լրագրողների իրավունքների հաշվին», – համոզմունք հայտնեց պատգամավորը՝ նշելով, որ որևէ որոշում չպետք է կայացվի առանց լրագրողների հետ փոխհամաձայնության։