25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդյոք նորմա՞լ է, որ դատավորների մակագրումը տեղի է ունենում կասկածելի եղանակով. Հայկ Մամիջանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Արդեն տևական ժամանակ է, որ Վերաքննիչ դատարանի ավտոմատ համակարգը, որը պետք է մակագրի դատավորներին, առգրավված է ԱԱԾ-ի կողմից, և դատավորների մակագրումը տեղի է ունենում, մեղմ ասած, կասկածելի եղանակով։ Ես խնդրում եմ Ձեր գնահատականը՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ով որ հավակնում է նորից նշանակվել Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ;

Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ խնդրելով հարցը չտեղափոխել իրավապահների տիրույթ:

«Արդյո՞ք այդ իրավիճակը նորմալ է, արդյո՞ք դա չի հակասում շատ ու շատ նորմերի, որոնց, վստահ եմ, Դուք շատ լավ տիրապետում եք: Անձամբ Դուք ի՞նչ պրոակտիվ գործողություններ եք արել, անում կամ անելու՝ դրա հետ կապված: Համարեք սա խորհրդարանական վերահսկողություն»,- Վլադիմիր Վարդանյանին դիմելով՝ ասաց Հայկ Մամիջանյանը:

 

 

Վլադիմիր Վարդանյանը նախ ընդդիմադիր պատգամավորին շնորհակալություն հայտնեց բովանդակային հարցի համար, ապա նկատեց՝ իհարկե, եթե դատական համակարգի աշխատանքները որևիցե պատճառով խաթարվում են, այդ թվում՝ համակարգչի առգրավման պատճառով, դա լրջագույն խնդիրներից է։

«Բայց ավելի անկեղծ լինենք և հասկանանք, որ այդ մակագրության ինստիտուտն ընդամենը մի քանի տարի է, որ գործադրվել է։ Մինչ այդ այդ ինստիտուտը չէր գործադրվում: Ես չեմ արդարացնում դա կամ այն չեմ դիտարկում՝ որպես բացասական կամ դրական երևույթ,  պարզապես ասում եմ, որ դա նոր ինստիտուտ է։ Քանի որ ծրագրի հետ գործ ունենք, դա ևս կարող է մանիպուլյացիայի հիմք լինել, և շատ դեպքերում դու կարող ես, թողնելով այդ համակարգը, համապատասխան մանիպուլյացիաներ անել, եթե նման խնդիր է առաջացել, բայց իմ մոտեցումը հետևյալն է։ Ես արդեն նշեցի, որ մենք ակտիվ աշխատում ենք դատական իշխանության մեր ներկայացուցիչների հետ, և առաջիկայում եթե ձեր խմբակցության ներկայացուցիչներն էլ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ցանկանան այս հարցն ավելի մանրամասն ուսումնասիրել, ապա ես պատրաստ կլինեմ հրավիրել և՛ ԲԴԽ-ի, և՛ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչներին ոչ թե նիստի, այլ փակ աշխատանքային քննարկման ֆորմատով՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, ինչ է տեղի ունեցել, և ինչպիսի լուծումներ կարող են առաջարկվել։ Մի կողմից, իհարկե, գործ ունենք դատարանների աշխատանքի բնականոն գործունեության ապահովման և դատական իշխանության անկախությունը երաշխավորելու գործառույթների հետ, որն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, մյուս կողմից, եթե քրեական գործով ինչ-որ մի բան համարվել է իրեղեն ապացույց, ապա այստեղ վիճել դժվար է։ Մենք չենք կարող միջամտել իրավապահ մարմինների գործունեությանը»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց նաև, որ չափազանց կարևորում է էլեկտրոնային գործիքների կիրառումը թե քրեական արդարադատության ոլորտում, թե քաղաքացիներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու հարցում, ինչի արդյունքում էժանանում են ծախսերը:

Արձագանքելով՝ Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց, թե կարո՞ղ է պնդել, որ սա անընդունելի իրավիճակ է, ու բացի դրանից, իր տեղեկություններով՝ կա նաև ռեզերվային համակարգիչ, ու արդյո՞ք հնարավոր չէր ծրագիրը տեղադրել դրա մեջ:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է քննարկել հարցը, բայց չունենալով փաստեր՝ չի կարող գնահատական տալ երևույթին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ