26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք և՛ պատիվ ունենք, և՛ փորձ ունենք, և՛ թիմ ունենք, և՛ գիտելիք ունենք». Տարոն Մարգարյան

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ

– Պարոն Մարգարյան, արդեն 5-րդ օրն է, ինչ ութերորդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքը, և պետք է արձանագրենք, որ այս օրերի բոլոր նիստերն անցնում են բավականին թեժ մթնոլորտում, ինչը նախորդող գումարումների մեկնարկային նիստերի համեմատ աննախադեպ է։ Ձեզ համար, որպես խորհրդարանական աշխատանքի փորձ չունեցող անձի, արդյո՞ք սպասելի էր նման բուռն մեկնարկը։

– Մինչ Ձեր բուն հարցին պատասխանելը, նախ մի ճշտում մտցնեմ առ այն, որ այնքան էլ անփորձ չեմ խորհրդարանական աշխատանքի համար, քանի որ, ինչպես գիտեք, մոտ 7 տարի եղել եմ Երևանի քաղաքապետը, մինչ այդ էլ ավելի քան 2 տարի՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, և, վերոնշյալ պաշտոնների բերումով՝ ունեմ Երևանի ավագանիում աշխատելու շատ մեծ և գործնական փորձ։
 
 Բացի դրանից, աշխատանքի բերումով լայն միջազգային համագործակցության փորձ ունեմ՝ ի դեմս աշխարհի խոշորագույն քաղաքների հետ տարված արդյունավետ աշխատանքի՝ Մոսկվա, Փարիզ, Ռիգա, Թեհրան և այլն: Եվ քանի որ Երևանի ավագանու գործունեությունը, ըստ էության, Ազգային ժողովի աշխատանքի մանրակերտն է հիշեցնում, չեմ կարող համաձայնել Ձեր այն դիտարկման հետ, որ խորհրդարանական աշխատանքի համար անփորձ եմ։

Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա ինձ համար միանգամայն սպասելի էր նման բուռն մեկնարկը, քանի որ այս խորհրդարանը ձևավորվել է ոչ թե հերթական, այլ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն միտված արտահերթ ընտրությունների արդյունքում, ինչը, սակայն, այդպես էլ չծառայեց այդ նպատակին, ու ճգնաժամը չհաղթահարվեց։ Եվ այս համատեքստում օրինաչափ է, որ նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը պետք է լիներ անհամեմատ ավելի թեժ, քան նախորդ գումարումների մեկնարկային նիստերը։

– Իշխանություններն անընդմեջ կառուցողականության կոչեր են հնչեցնում և ընդդիմությանը առաջարկում են միավորել ուժերն ու միասնաբար հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Ըստ Ձեզ,՝ որքանո՞վ են նրանք անկեղծ, և արդյո՞ք պատրաստ եք ընդունել նրանց առաջարկը։

– Ի՞նչ անկեղծության և կառուցողականության մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր թաղված են ստի ու կեղծիքի մեջ։ Հենց այսօր, ձեր աչքի առաջ, կառուցողականությունից այդ խոսողները մերժեցին Արցախի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը։ Եվ սա՝ այն դեպքում, որ այսօր ավելի քան երբևէ Արցախն ունի առանձնահատուկ ուշադրության և աջակցության կարիք։ Սա՞ է նրանց կառուցողականությունը։

Եվ հետո, ո՞ւմ հետ համագործակցենք, Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնած իշխանությա՞ն, 5000 լուսավոր տղերքին մատաղ արածների՞, 10 հազարից ավելի տղերքի հաշմանդամ ու տասնյակ-հազարավոր արցախցիների տնավեր դարձրածների՞, էլ չեմ խոսում Հայաստանի սահմանները թուրքի համար «проходной двор» դարձնելու մասին։ Նրանց հետ համատեղ քննարկելու միայն մեկ օրակարգ կարող է լինել՝ իրենց հնարավորինս անցնցում հեռացումը, ուրիշ ոչինչ։

– Այս օրերին նաև նկատեցինք, որ ընդիմադիր երկու խմբակցությունները գործում են համատեղ և միասնաբար, ինչն, անշո՛ւշտ, գովելի է։ Համագործակցությունը շարունակակա՞ն է լինելու, թե՞ սա զուտ իրավիճակային փոխգործակցություն է, որն ինչ-որ պահից կարող է դադարել։

 

– «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները բնական դաշնակիցներ են, և արտառոց որևէ բան չկա մեր համագործակցության մեջ։ Աննորմալ և անտրամաբանական կլիներ, եթե չհամագործակցեինք։

Անշուշտ, երկու դաշինքներն էլ բաղկացած են տարբեր կուսակցություններից և, բնական է, որ շատ հարցերի շուրջ մեր տեսակետները կարող են և տարբերվել, ինչը, սակայն, չի կարող սեպ խրել մեր միջև՝ ազգային աղետ բերած և մեր պետությունն ու պետականությունը կործանման տանող չարիքի այս իշխանությանը պետության ղեկից օր առաջ հեռացնելու մեր հիմնական նպատակին հասնելու ճանապարհին։ Նաև հիշեցնեմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը ձևավորման հենց սկզբից էլ հայտարարել է, որ երկիրը շարունակվող ցնցումներից ձերբազատելու, իրավիճակը կայունացնելու և զարգացման ռելսերին վերադարձնելու համար պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար հայրենի հողը ոչ թե տարածք է, այլ հայրենիք։

– Եվս մեկ հարց, պարոն Մարգարյան, հաշվի առնելով, որ որպես ԱԺ պատգամավոր՝ կարող եք նաև ընդգրկվել մշտական հանձնաժողովներում, ըստ այդմ, հատկապես ո՞ր հանձնաժողովներում եք տեսնում Ձեզ։

– Հաշվի առնելով աշխատանքային փորձառությունս, կարող եմ ներգրավվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի աշխատանքներում։ Նաև, քանի որ որպես Երևանի քաղաքապետ պաշտոնավարելիս բավականին սերտ կապեր եմ հաստատել արտերկրի մի շարք քաղաքների քաղաքապետերի, նաև տվյալ երկրների բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ, կարող եմ նաև ներգրավվել արտաքին կապերի հանձնաժողովի աշխատանքներում՝ վերոնշյալ կապերն ի շահ Հայաստանի ծառայեցնելու նպատակով։

Ամեն դեպքում, վերոնշյալ հանձնաժողովներում ներկայացված լինելու համար նախ և առաջ պետք է լինի մեր խմբակցության որոշումը, ըստ այդմ, եթե կլինի նման որոշում, ապա կներգրավվեմ։ Ինչպես ասում էինք նախընտրական արշավին և ինչպես ապացուցում ենք ամեն օր ԱԺ-ում, մենք և՛ պատիվ ունենք, և՛ փորձ ունենք, և՛ թիմ ունենք, և՛ գիտելիք ունենք:

Արմինե Վարդանյան

 168.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ